
Լեյլա Յունուսը վերստին հրաժարվել է ներկայանալ դատախազություն

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունից այսօր զանգահարել են Լեյլա Յունուսի բջջային հեռախոսին և չորրորդ անգամ պահանջել են, որ նա ամուսնու՝ Արիֆ Յունուսովի հետ միասին հարցաքննության համար ներկայանա Գլխավոր դատախազություն:
Ի պատասխան՝ Լեյլա Յունուսը կրկնել է, որ դատախազությունը նախևառաջ պետք է իրեն ու իր ամուսնուն վերադարձնի օդանավակայանում ապօրինի կերպ խլած անձնագրերն ու բնակարանի փաստաթղթերը: Յունուսն ընդգծել է, որ իրենք միայն դրանից հետո կներկայանան դատախազություն:
Լեյլա Յունուսը չի բացառում, որ իշխանությունները սադրանքի դիմեն իր և իր ամուսնու հանդեպ: Սրանից առաջ դատախազությունը քրեական գործ է հարուցել լրագրող Ռաուֆ Միրկադիրովի դեմ՝ նրան մեղադրելով Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ:
Միրկադիրովը, իբրև թե, տվյալ հանցանքը գործել է Լեյլա Յունուսի գլխավորած Խաղաղություն ու ժողովրդավարություն ինստիտուտի նախագծի շրջանակներում Հայաստան այցելելիս: