Բժիշկը պատմեց Լևոն Հայրապետյանի հիվանդության մասին
Մոսկվայում կալանավորված հայ բարերար Լևոն Հայրապետյանը տառապում է անոթային հիվանդությամբ, որի հետևանքով ստացել է սրտի կաթված, ստենդավորվել է, վիրահատվել է, ունի շաքարային դիաբետ: Այս տեղեկությունը այսօրվա ասուլիսում հաղորդեց Հայաստանում Լևոն Հայրապետյանի բժիշկը` նյարդաբան, «Նաիրի» բժշկական կենտրոնի պրոֆեսոր Հենրի Բակունցը:
Նրա խոսքով` այդպիսի առողջական վիճակ ունեցող հիվանդներին բանտային պայմանները պարզապես հակացուցված են, և Լևոն Հայրապետյանի խափանման միջոցն անհապաղ պետք է փոխվի: Նա նաև տեղեկացրեց, որ արդեն Մոսկվա է ուղարկել Լևոն Հայրապետյանի հիվանդության պատմությունը, և նրա առողջության հետ կապված բոլոր նյութերն արդեն դատարանում են:
«Շատ դժվար է իրեն համոզել, որ զբաղվի իր առողջությամբ: Այդպիսի հիվանդները տարեկան մեկ-երկու անգամ պետք է բուժում ստանան, բայց Լևոն Հայրապետյանի դեպքում դա հնարավոր չէ. նա մշտապես մտահոգված է իր ազգի խնդիրներով և ամեն հանդիպման, նույնիսկ բուժման ժամանակ միշտ պատմում է իր ծրագրերի մասին:
Այդպիսի հիվանդներին բանտային պայմանները պարզապես հակացուցված են: Կարծեմ, թե կա օրենք ողջ աշխարհում, որ այդպիսի հիվանդներին չի կարելի կալանավորել: Եթե հիշում եք, կար Մագնիտցկու գործ, ով մահացավ Ռուսաստանի բանտերից մեկում սրտի կաթվածից, և մինչև հիմա մեծ աղմուկ է ամբողջ աշխարհով, թե «ինչո՞ւ այդ մարդուն ժամանակին չեք տվել ախտորոշումը»:
Լևոն Հայրապետյանի դեպքում շատ վտանգավոր է, նա շատ մեծ քանակությամբ դեղեր է ստանում և ժամերով: Եթե այդ ժամերը խախտվեն, դա ծանր հետևանքներ կունենա: Ես հույս ունեմ, որ դատարանի որոշումը լավ ելք կունենա, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի պահել այդպիսի մեծ մարդու, մեծ հայի»,- նշեց Հենրի Բակունցը: