
Ռուսաստանը հոկտեմբերի 26-ից անցում է կատարելու «ձմեռային» ժամանակի

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը 2014 թվականի հոկտեմբերի 26-ից անցում է կատարելու «ձմեռային» ժամանակի: Համապատասխան օրենքը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ընդգծվում է, որ Ռուսաստանի սուբյեկտների մեծ մասը մեկ ժամով հետ են տանելու ժամացույցի սլաքները, իսկ հետագայում չի իրականացվելու սլաքների սեզոնային փոփոխություն:
Օրենքի համաձայն, Ռուսաստանի տարածքում հաստատվում է 11 ժամային գոտի, որոնցում տեղական ժամը հաշվարկելիս ելակետ է համարվելու մոսկովյան ժամանակը:
Ավելի վաղ ՌԴ Պետդուման 2-րդ և 3-րդ ընթերցմամբ հավանության էր արժանացրել երկիրը «ձմեռային» ժամանակի վերադարձնելու մասին օրինագիծը: