Իվան Կուխտա. Ուկրաինան ունի անհերքելի ապացույցներ, որ մալայզիական օդանավը կործանել են ռուսամետ զինյալները
Ուկրաինայի օդային տարածքում մալայզիական օդանավը կործանել են ռուսամետ անջատողականները, ովքեր վերահսկում են Դոնեցկի շրջանի տարածքը: Այսպիսի հայտարարություն արեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան:
Այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսում դեսպանն ասաց, որ Ուկրաինան անհերքելի ապացույցներ ունի այն մասին, որ քաղաքացիական ինքնաթիռը խփել են զինյալները, ահաբեկիչները, որոնց զինում է Ռուսաստանի Դաշնությունը: Ընդ որում, դեսպանը համոզված է, որ Ռուսաստանը ռուսամետ ուժերին տրամադրում է ոչ միայն հասարակ զենք-զինամթերք, այլև ժամանակակից զինատեսակներ, որոնցով հնարավոր է օդանավ կործանել: «Զինյալները չեն կարող պարսատիկից կրակել»,- ասաց նա:
Նրա խոսքով` Ուկրաինան պատրաստվում է այդ ապացույցները հանձնել ողբերգությունը հետաքննող միջազգային հանձնաժողովին: Դեսպանը նշեց, որ Ուկրաինայի նախագահը երեկ CNN-ին տված հարցազրույցում ևս մեկ անգամ շեշտել է, որ Ուկրաինան ուզում է որքան հնարավոր է շուտ բացահայտել այդ ողբերգության մանրամասները և կոչ է արել միջազգային հանրությանն ու միջազգային կառույցներին օբյեկտիվորեն հետաքննել այդ միջադեպը: Նա նաև տեղեկացրեց, որ նախագահ Պորոշենկոն հրաման է տվել տվյալ միջադեպի հետաքննության ժամանակ դադարեցնել հակաահաբեկչական ռազմական գործողությունները դեպքի վայրում 40 կմ շառավղով:
«Ուկրաինան, ինչպես և ողջ միջազգային հանրությունը, շահագրգռված է այս ավիավթարի օբյեկտիվ հետաքննության մեջ: Մենք ունենք տեղեկություններ, անվտանգության ծառայությունը, արտգործնախարարությունը և մյուս իրավասու մարմինները ունեն ապացույցներ, որ օդանավը խփել են անջատողականները, զինյալները, ովքեր այսօր գործում են Դոնեկցի և Լուգանսկի շրջանների տարածքում»,- ասաց Իվան Կուխտան:
Հակադարձմանը, որ ռուսական կողմն էլ իր հերթին է հայտարարում, թե ունի ապացույցներ, որ օդանավը կործանել են ուկրաինական ուժերը, դեսպանը պատասխանեց` երկու կողմերն էլ պատրաստվում են իրենց ապացույցները, փաստերը տրամադրել հետաքննությամբ զբաղվող միջազգային հանձնաժողովին, որի փորձագետներն էլ այդ փաստերի հիման վրա կգան համապատասխան եզրակացության:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին տեղի ունեցած ողբերգական ավիավթարի հետևանքով զոհվել են 298 ուղևորներ` Նիդերլանդների, Ավստրալիայի, Գերմանիայի, Մալայզիայի և այլ երկրների քաղաքացիներ: