
Արաբական պետությունների լիգան ՀԱՄԱՍ-ին կոչ է արել ընդունել հրադադարի մասին առաջարկը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՊԼ-ի ղեկավար Նաբիլ ալ-Արաբին երեկ ՀԱՄԱՍ-ին կոչ է արել ընդունել Գազայում ու Իսրայելում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին Եգիպտոսի ներկայացրած առաջարկը. «Եգիպտական առաջարկն իրենում ներառում է հրադադարի հաստատում: Մենք հուսով ենք, որ ՀԱՄԱՍ-ը կընդունի այն»:
Ալ-Արաբին իր այս հայտարարությունն արել է Կահիրեում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ հանդիպումից հետո: Բանակցություններին մասնակցելու և խաղաղության գործընթացին նպաստելու նպատակով Կահիրե է ժամանել նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Ավելի վաղ Իսրայելն ընդունել էր Եգիպտոսի առաջարկը և միակողմանի դադարեցրել էր ռազմական գործողությունները, սակայն ավելի ուշ ստիպված էր եղել վերսկսել դրանք, քանի որ ՀԱՄԱՍ-ը չէր ընդունել հրադադարի մասին առաջարկը և շարունակել էր հրետակոծությունները: Գազայի ահատվածում զոհերի թիվը մոտենում է 600-ի: