
Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել՝ կապված Գազայի հատվածի հետ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում եռօրյա սուգ է հայատարարվել՝ կապված Գազայի հատվածում իսրայելական ռմբակոծությունների հետ: Համապատասխան որոշումն ընդունել է Թուրքիայի կառավարությունը:
Այս մասին հայատարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, որի խոսքերով՝ վերջին հարձակումներից մեկի ժամանակ Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 60 անմեղ մարդ: Արընչն ընդգծել է, որ իրենք դատապարտում են նման կոշտ զանգվածային սպանությունները:
Արընչի խոսքերով՝ Թուրքիան պլանավորում է 1 միլիոն դոլարի օգնություն ցուցաբերել Գազայի հատվածին: Խոսքն առաջին հերթին գնում է սննդամթերքի ու առաջին անհրաժեշտության ապրանքների մասին: Բացի այդ, 1.5 միլիոն դոլար փոխանցվել է Առևտրի համաշխարհային կազմակերպության պաղեստինյան գրասենյակին:
Ընդգծվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում սպանվել է 107 մարդ, որից 23-ը կանայք են, իսկ 35-ը՝ երեխաներ: Գազայի հատվածում հարկադիր վերաբնակ է դարձել ավելի քան 100.000 մարդ: Ռազմական գործողությունների սկսվելուց հետո Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 577-ի, իսկ վիրավորների թիվը՝ 3554-ի: