Վրաստանի վարչապետը պաշտոնանկ է արել 7 նախարարի
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին այսօր հայտարարել է կառավարությունում կադրային փոփոխություններ կատարելու մասին: Իրենց պաշտոններին հրաժեշտ են տվել 6 նախարար և 1 պետնախարար:
Մասնավորապես, կադրային փոփոխություններն առնչվել են Վրաստանի մշակույթի ու հուշարձանների պահպանման նախարար Գուրամ Օդիշարիային, բնական պաշարների ու շրջակա միջավայրի պահպանման նախարարար Խաթունա Գոգալաձեին, օկուպացված տարածքների փախստականների, հարկադիր վերաբնակների ու վերաբնակեցման հարցերով նախարար Դավիթ Դարահվելիձեին, գյուղատնտեսության նախարար Շալվա Պիպիային, տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների նախարար Էլգուջ Խոկրիշվիլիին, պատիժների իրագործման նախարար Սոզար Սուբարիին և սփյուռքի հարցերով պետնախարար Կոնստանտին Սուրգուլաձեին:
Գարիբաշվիլին ընդգծել է, որ Սուբարին զբաղեցնելու է փախստականների հարցերով նախարարի պաշտոնը, իսկ Խոկրիշվիլին՝ շրջակա միջավայրի պահպանման նախարարի պաշտոնը: Հայտնի չէ, թե ովքեր կզբաղեցնեն մնացյալ պաշտոնները: Վրաստանի նոր կառավարության կազմը կհաստատվի երկու շաբաթվա ընթացքում: