Բաժիններ՝

Պատժամիջոցներ՝ Հայաստանի նկատմամբ

Երկու օր առաջ ԱՄՆ-ը նոր տնտեսական պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի նկատմամբ։ Եվ, բնականաբար, շատերին մտահոգում է` արդյո՞ք այդ պատժամիջոցները կարող են ազդել նաև Հայաստանի վրա։

«Ազատություն» ռադիոկայանը փորձել է այս հարցի պատասխանը ստանալ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից։ «Կարծում եմ` որոշակի ազդեցություն կարող է ունենալ»,- ի պատասխան` ասել է Ճշմարիտյանն ու արագ հեռացել` անպատասխան թողնելով իր անորոշ պատասխանից ծնված մյուս հարցերը։
Ու քանի որ մեր պետական պաշտոնյաները, որպես կանոն, խուսափում են կոնկրետ պատասխաններ տալ տհաճ հարցերին, փորձենք ինքներս տրամաբանել։ Նախ` հասկանանք, թե այդ պատժամիջոցներն ինչպե՞ս կարող են ազդել բուն Ռուսաստանի վրա, հետո նոր անցնենք Հայաստանին։

Եվ այսպես, ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցների SDN (Specially Designated Nationals) ցանկի մեջ են ներառել ռուսաստանյան գրեթե բոլոր խոշոր պաշտպանական ընկերությունները։ Դրանց թվում են «Կալաշնիկով» կոնցեռնը, «Ուրալվագոնզավոդ», «Ալմազ-Անտեյ», «Ռոստեխի» մեջ մտնող «Բազալտ», «Սոզվեզդիե», «Ռադիոէլեկտրոնային տեխնոլոգիաներ» ընկերությունները, և այլն։

Սրանց հարցում մոտեցումը չափազանց խիստ է։ SDN ցանկում ընդգրկված ընկերությունների ակտիվները սառեցվում են։ Ամերիկյան ֆիզիկական և իրավաբանական անձանց արգելվում է գործարքներ կնքել սրանց հետ։
Սակայն սա դեռ ամենը չէ։ Կա նաև երկրորդ` սեկտորալ պատժամիջոցների ցանկը (SSI)։ Այս ցանկում ընդգրկվել են «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն, «Նովատեկ» ԲԲԸ-ն, «Ռոսնեֆտը» և Վնեշէկոնոմբանկը։

Այս ընկերությունների ակտիվները, ի տարբերություն առաջին խմբի, չեն սառեցվում։ Սակայն նրանք այլևս չեն կարողանա միջնաժամկետ և երկարաժամկետ ֆինանսական փոխառություններ ստանալ դոլարով։ Բայցի այդ, ամերիկյան ընկերություններին արգելվում է գործարքներ կատարել այս ցանկում ընդգրկված ընկերությունների կողմից նոր թողարկված արժեթղթերի հետ։ ԱՄՆ ֆիննախն ամերիկյան բանկերին արգելել է մասնակցել «Գազպրոմբանկի», «Նովատեկի», «Ռոսնեֆտի» և Վնեշէկոնոմբանկի կողմից թողարկված պարտատոմսերի տեղաբաշխմանը։

Եվրամիությունը նույնպես հայտարարել է Ռուսաստանի դեմ ուղղված նոր պատժամիջոցների մասին։ Նախ` կասեցվել է Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի, ինչպես նաև` Եվրոպական ներդրումային բանկի կողմից նոր նախագծերի մեկնարկը։ Պատժամիջոցները, սակայն, դրանով չեն սահմանափակվի։ Հուլիսի վերջին հայտնի կդառնան կոնկրետ քայլերը, որոնք կվերաբերեն առանձին ֆիզիկական և իրավաբանական անձանց։

Ռուսներն աշխատում են ցույց տալ, որ ամեն ինչ նորմալ է, և մտահոգվելու առիթ չկա։ Մասնավորապես, «Գազպրոմբանկի» համար նշվում է, որ այն չի մեկուսանում միջազգային ֆինանսական շուկայից և շարունակում է բնականոն գործունեությունը։ Իսկ SDN ցանկում ընդգրկված պաշտպանական ոլորտի ընկերությունները հայտարարում են, որ պատժամիջոցներն իրենց վրա ամենևին չեն ազդի։ Օրինակ, «Ռոսնեֆտը» հայտարարել է, որ պատժամիջոցներն իրենց չեն վախեցնում, իսկ «Նովատեկը» տեղեկացրել է, որ վարկավորման հիմնական ուղղությունն իրենց համար Արևելքն է։

Սակայն անկախ փորձագետները համոզված են, որ պատժամիջոցները բացասաբար կազդեն առանց այն էլ վատ վիճակում գտնվող ՌԴ տնտեսության վրա։ Պատժամիջոցների մասին հայտարարության հաջորդ օրը ռուսաստանյան ֆոնդային բորսաների ինդեքսները 2-3 տոկոսով անկում ապրեցին։ Իսկ դոլարի փոխարժեքը գերազանցեց 35 ռուբլու սահմանագիծը։

Անկումը շարունակվեց նաև դրա հաջորդ օրը։ Հուլիսի 18-ին ԾԾԹը-ն նվազեց 1.84%-ով` հասնելով 1414.07 կետի, իսկ ՀՁհ-ը` 2.42%-ով` հասնելով 1267.55 կետի։ Ի դեպ, եթե հուլիսի 17-ին անկումը բացատրվում էր պատժամիջոցներով, ապա հաջորդ օրվա անկման պատճառներին գումարվեց նաև մալազիական ավիաուղիներին պատկանող ինքնաթիռի ողբերգությունը։

Ի դեպ, եթե պատժամիջոցներն ավելի խստացվեն (իսկ գոնե Եվրամիության մասով դա արդեն հաստատված է), ապա վիճակը կարող է էլ ավելի վատանալ։
Հիմա գանք Հայաստանին։

Հաշվի առնելով ՀՀ տնտեսության կախվածության աստիճանը Ռուսաստանից` այս պատժամիջոցներն ազդելու են նաև մեր երկրի վրա` ուղղակի և անուղղակի ձևերով։
Կոնկրետ ամերիկյան պատժամիջոցները տարածվում են նաև այն ընկերությունների վրա, որոնց բաժնետոմսերի 50%-ը և ավելին պատկանում է «սև ցուցակում» հայտնվածներին։

Արդեն իսկ մեկ նման ընկերություն կա։ Խոսքը «Գազպրոմբանկի» խմբին պատկանող «Առէկսիմբանկի» մասին է։ Չնայած, որ վերջինս «Ազատության» հարցմանն ի պատասխան` տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն անդրադառնում «Գազպրոմբանկի» ֆինանսական կայունության և աշխատանքի անընդհատության վրա, այդուհանդերձ` այդ ամենը դժվար թե լավ ազդեցություն ունենա բանկի գործունեության վրա։

Երկրորդ պոտենցիալ ռիսկը կապված է «Ռոսնեֆտի» հետ, որը հետաքրքրված էր «Նաիրիտով»։ Լրացուցիչ դժվարությունները դժվար թե նպաստեն «Նաիրիտի» հետ կապված ծրագրերի առաջխաղացմանը։

Իսկ եթե պատժամիջոցների ցանկը համալրվի ռուսաստանյան նոր ընկերություններով, ապա չի բացառվում, որ ՀՀ տնտեսությունը լուրջ խնդիրներ ունենա։ Բացեք ՀՀ խոշորագույն հարկատուների և խոշորագույն գործատուների ցանկերը։ Գերակշիռ մասը ռուսական կապիտալով աշխատող ընկերություններ են, որոնք գործում են ռազմավարական ոլորտներում` հեռահաղորդակցություն, կապ, էներգետիկա։ Ու թեպետ ՀՀ-ԱՄՆ տնտեսական կապերն այնքան էլ սերտ չեն, ռիսկը դրանից ամենևին չի վերանում։

Մի շարք փորձագետներ կարծում են, որ եվրոպական ընկերությունները համերաշխության սկզբունքով նույնպես կսառեցնեն համագործակցությունն ամերիկացիների համար անցանկալի ընկերությունների, բնականաբար, նաև դրանց հայաստանյան «դուստրերի» հետ։

Ինչ վերաբերում է անուղղակի ազդեցությանը, այն պակաս մտահոգիչ չէ։
Նախ` Ռուսաստանի տնտեսության նկատմամբ պատժամիջոցները հանգեցնելու են Ռուսաստանի ներսում գնողունակ պահանջարկի նվազմանը, ինչը նշանակում է, որ կարող են նվազել Հայաստանից ՌԴ արտահանման ծավալները։ Եվ երկրորդ` այդ ամենը բացասական ազդեցություն է ունենալու Ռուսաստանից ուղարկվող դրամական փոխանցումների վրա։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը համարվում է Հայաստանի խոշորագույն «տրանսֆերտային դոնորը». Միայն 2013 թվականի ընթացքում ՌԴ-ից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 1.4 միլիարդ դոլարը։ Դա ահավոր մեծ թիվ է, քանի որ մեր երկրի համախառն սպառման մի զգալի մասը կախված է ռուսական տրանսֆերտներից։

Այսինքն, Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն անկասկած ազդելու են ՀՀ տնտեսության վրա, ինչի մասին կեսբերան խոստովանել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարը։ Իսկ թե ինչ չափով են ազդելու` այս պահին հաշվարկներ չկան։

Այս ամենից ելնելով` կարելի է ասել, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները, ուզենք թե չուզենք, ուղղված են նաև Հայաստանի դեմ։ Առայժմ` հիմնականում անուղղակիորեն։ Իսկ երբ միանանք Եվրասիական տնտեսական միությանը, ապա անուղղակին գործնականում կդառնա ուղղակի։ Ո՞վ գիտի` միգուցե այդ ժամանակ Կարեն Ճշմարիտյանը ոչ թե խուսափի հարցերից, այլ ռուս գործընկերների նման խրոխտ հայտարարի պատասխան պատժամիջոցների մասին։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս