
Վրաստանը ԵՄ-ից կստանա մինչև 410 միլիոն եվրոյի ֆինանսական օգնություն

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի ու ԵՄ-ի միջև երեկ երեկոյան ստորագրվել է փոխըմբռնման մասին հուշագիր, ինչն իրականացվել է Վրաստանի ռազմավարական օգնության ծրագրի (Single Support Framework – SSF) շրջանակներում:
Հուշագիրը ստորագրվել է Քութայիսում գտնվող Վրաստանի խորհրդարանի շենքում: Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի` եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին և ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով Շտեֆան Ֆյուլեն:
Փոխըմբռնման մասին հուշագիրը հստակեցնում են ԵՄ-ի կողմից 2014-2017 թվականներին Վրաստանին օգնելու հիմնական առաջնահերթ ուղղությունները: Խոսքը գնում է 2014-2017 թվականներին Վրաստանին 330-410 միլիոն եվրո ֆինանսական օգնություն հատկացնելու մասին: