Վոլոդյա Ավետիսյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ մեղավոր ճանաչեց Վոլոդյա Ավետիսյանին խարդախության և խարդախության փորձի մեջ: Դատարանի վճռեց՝ Վոլոդյա Ավետիսյանը դատապարտել 6 տարի ժամկետով ազատազրկման և նրանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի գնաձել 2000 դոլարին համարժեք դրամ:
Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախությամբ հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, կաշառք ստանալու պատրվակով, չարաշահելով իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երևանի բնակիչ Ալբերտ Մաթոսյանի մոտ ձևավորված վստահությունը և դիմելով խաբեության, թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել ԼՂՀ պաշտպանության բանակի թիվ N զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված Ալբերտ Մաթոսյանի որդի Արթուր Մաթոսյանին նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը, սակայն չունենալով նման պայմանավորվածություն, 2013թ. հուլիսի 29-ին, ժամը 14:00-ի սահմաններում Երևանի Թումանյան 54 հասցեում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի հարակից Ազատության հրապարակի տարածքում Ալբերտ Մաթոսյանից պահանջել է դրա դիմաց իրեն տրամադրել զգալի չափերի՝ 205.150 դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար,սակայն Ալբերտ Մաթոսյանը հրաժարվել է օգտվել Վոլոդյա Ավետիսյանի ծառայությունից, որի պատճառով վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել:
Վ. Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել նաև այն բանի համար, որ նա «խարդախությամբ հաշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ կաշառք ստանալու պատրվակով, չարաշահելով իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Շիրակի մարզի բնակիչ Հենրիկ Սարդարյանի մոտ ձևավորված վստահությունը և դիմելով խաբեության, թե որոշ պաշտոնատար անձանց միջոցով կարող է 5 հազար դոլարի դիմաց նրա թոռանը ազատել պարտադիր զինվորական ժամկետային ծառայութունից, սակայն չունենալով նման պայամանավորվածությունը՝ 2013թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում Արմավիր-Աշտարակ ավտոմայրուղու վրա Հենրիկ Զաքարյանից վերցրել է խոշոր չափերի 814 հազար 260 դրամին համարժեք 2100 դոլար գումար և հափշտակել այն՝ գումարն օգտագործելով իր անձնական կարիքների համար»»:
Դատարանում Վ. Ավետիսյանն իրեն մեղավոր չի ճանաչել, չի համաձայնել մեղադրանքի հետ՝ նշելով, որ այդ ամենը քաղաքական ենթատեքստ ունի: