Նովրուզ Մամեդովը խստապես քննադատել է Կարլ Բիլդտին
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովն արձագանքել է Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտի այն հայտարարությանը, թե Ադրբեջանի վարչակարգը խնդիրներ է ստեղծում Արևմուտքի համար.
«Միջազգային արենայում քիչ չեն նմանատիպ քաղաքական գործիչները: Նրանք կարծում են, որ ինչ էլ որ ասեն, բոլորը պետք է ընդունեն ու հնազանդվեն: Սակայն նրանք դեռ չեն հասկանում, որ նրանք իրենց անպատասխանտու ու անհեռատես դատողություններով այսօր աշխարհը հասցրել են ներկայիս իրավիճակին:
Այսօր աշխարհի տարբեր երկրներում ընթացող բացասական գործընթացները, կոնֆլիկտները, անկայունությունն ու լարվածությունը հանդիսանում են այդօրինակ քաղաքական գործիչների մտածելակերպի ու գործողության հետևանք: Եվ դա այն պատճառով, որ նրանք հեռու են աշխարհում տեղի ունեցող գործընթացները հասկանալուց:
Նրանք թութակների նման պարզապես անգիր են արել մի քանի բառ և արտահայտություն, և կարծում են, որ իրենց պարտականության մեջ է մտնում դրանք շարունակ կրկնելը՝ որպես ճնշման միջոց»:
Մամեդովի խոսքերով՝ Կարլ Բիլդտը «մտնում» է այդպիսի քաղաքական գործիչների թվում. «Նա, ինչպես և Ֆյուլեն, կարծում են, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի մտնելը հիմնավոր քայլ է:
Ադրբեջանի վերաբերյալ Բիլդտի հայտարությունը կարող է ունենալ մի քանի պատճառ: Նախևառաջ նա այդ խոսքերն ասել է Վաշինգտոնում: Հավանաբար դա նույնպես պատահական չէ: Կարլ Բիլդտը շատ գոհ է իրենից և հավակնոտ է»: