«Թույլ տվեք չհամաձայնել, որ դեղերի շուկան ամենականոնակարգված և թափանցիկ շուկան է». առողջապահության նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կառավարության այսօրվա նիստից հետո պատասխանել է լրագրողների մի քանի հարցերին` կապված առաջիկայում սպասվող դեղերի դրոշմանշման հետ:
Մասնավորապես, անդրադառնալով դեղ ներմուծողների այն մտահոգությանը, որ դեղորայքի վրա վրա դրոշմապիտակներ փակցնելը լրացուցիչ տեխնիկական դժվարություններ է ստեղծելու, Մուրադյանը նշեց. «Անշուշտ, մտահոգ ենք տեխնիկական հարցերի վերաբերյալ: Մտածում ենք, թե ինչպես անենք, որ պիտակների պատճառով չփակվեն թե’ ժամկետները, թե’ դեղերի քիմիական անվանումները: Բացի այդ, պետք է պիտակավորման ընթացքում ապահովվի դեղերի համար անհրաժեշտ ջերմաստիճանը: Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են»:
Նա նաև ավելացրեց, որ տեխնիկական հարցերի շուրջ հնարավոր կլինի ավելի ուշ խոսել, երբ պատրաստ կլինի դեղերի պիտակավորման ընթացակարգը. «Հատուկ ժամկետներ, վայրեր և մարդիկ են հատկացվելու այդ աշխատանքը իրականացնելու համար»:
Նախարարը չհամաձայնեց այն դիտարկմանը, որ դեղերի շուկան ամենաթափանցիկն է, և թերևս կարիք չկար պիտակավորման, քանի որ դա հանգեցնելու է միայն դեղերի գների բարձրացման. «Թույլ տվեք չհամաձայնել, որ դեղերի շուկան ամենականոնակարգված և թափանցիկ շուկան է: Շատ անգամ հենց լրագրողներն են բարձրացնում դեղերի ապօրինի շրջանառության և նմանատիպ այլ հարցեր: Մենք շատ մտահոգ ենք դեղերի որակով, դեղերի շրջանառությամբ, ժամկետներով, պահպանման հնարավոր պայմաններով և այդ իսկ պատճառով պիտակավորումները պետք է տեղի ունենան»:
Ըստ Ա. Մուրադյանի՝ օրենքը, որն այսօր քննարկվում է նպատակ ունի դարձնելու այս ոլորտը ավելի վերահսկելի, և միևնույն ժամանակ պետք է ամեն ինչ արվի դեղորայքի մատչելիությունը ապահովելու համար. «Երկու իրարամերժ լուծումներ են, քանի որ ինչքան վերահսկելի է ոլորտը, այնքան դժվարանում է նրա գնագոյացման հարցը: Այսօր մեր ջանքերն ուղղված են նրան, որ պիտակավորումը գների ավելացման պատճառ չդառնա»:
Քնարիկ Ջալաթյան