Բաժիններ՝

Հնագետի սպանությունը կարճ ժամանակ անց որակվել է՝ որպես ինֆարկտ. ընտանիքը չի վստահում դատաբժշկական փորձաքննությանը

Հունիսի 14-ին Կոտայքի մարզի Ակունք գյուղում սպանված Ֆիրդուս Մուրադյանի ընտանիքի անդամներն այսօր իրենց բողոքի ձայնն են բարձրացրել՝ նշելով, որ չեն հավատում դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը: Ըստ դատաբժշկական փորձաքննության, Ֆիրդուս Մուրադյանի մահն ի հայտ է եկել ինֆարկտի հետևանքով, այլ ոչ թե սպանության: Գործի նախաքննությունը ստանձնած քննիչը սպանված 59-ամյա Ֆիրդուս Մուրադյանի ընտանիքի անդամներին (ինչպես նշեց Ֆիրդուս Մուրադյանի հարսը՝ Հրարփի Աղաբեկյանը) բանավոր հայտնել է, որ սպանության մեղադրանքով կասկածվող և ձերբակալված Ավգուստին Աբրոյանը, հնարավոր է, ազատ արձակվի:

Հիշեցնենք, որ օրերս Կոտայքի մարզի Ակունք գյուղի Պողոս-Պետրոս եկեղեցու շրջակայքում սպանվել է հայտնի հնագետ, Հայաստանի ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի վաղ բրոնզե դարի բաժնի աշխատող Ֆիրդուս Մուրադյանը: Ըստ Ոստիկանության տարածած հաղորդագրության՝  սպանությունն իրականացրել է Ավգուստին Ա.-ն, ով, ըստ տարածված լուրերի, պեղումներ իրականացնող կազմակերպության տնօրենն է և ՀՀ Մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության տնօրենի՝ Արմեն Աբրոյանի եղբայրը: 168.am-ի հետ զրույցում երեկ Ֆիրդուս Մուրադյանի գործընկերները զայրացած իրենց տարակուսանքն էին հայտնել, թե ինչո՞ւ էր Ոստիկանության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ թաքցվել սպանություն կատարած անձի՝ 34-ամյա Ավգուստին Ա.-ի ազգանունը (այն դեպքում, երբ սպանվողի անուն-ազգանունը ներկայացվել էր ամբողջությամբ):

Այսօր 168.am-ը Ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից խնդրեց պարզաբանել, թե ինչպե՞ս է օպերատիվ խումբը տեղում արձանագրել սպանություն, որը, սակայն, հետո որակվել է՝ իբրև ինֆարկտ, մեզ պատասխանեցին, որ դատաբժշկական փորձաքննությունը դեռևս վերջնական չէ, ընտանիքը պահանջել է երկրորդ փորձաքննությունը, որից հետո արդեն ամեն ինչ հայտնի կդառնա: Ոստիկանությունից 168.am-ին հայտնեցին նաև, որ Ավգուստին Աբրոյանը շարունակվում է ձերբակալված մնալ, հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ֆիրդուս Մուրադյանի հարսը մեզ հետ զրույցում նաև հայտնեց, որ սպանությունն իրականացնելուց հետո Ավգուստին Աբրոյանը զանգահարել է Ֆիրդուս Մուրադյանի գործընկերներից մեկին (գործընկերոջ անունը հայտնի է ընտանիքին) և ասել. «Խփել եմ, ընկել ա, գնացեք տեր կանգնեք»:
Մուրադյանների ընտանիքը բոլոր իրավասու մարմիններին խնդրում է օգնել՝ գործի քննությունը ճիշտ ուղղությամբ տանելու և իրենց հարազատի մահվան իրական պատճառը հայտնելու համար:

Կարդացեք նաև

ԱՆՈՒՇ ԹՐՎԱՆՑ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս