Բաժիններ՝

Սպանված հնագետի գործընկերները զայրացած են. ինչո՞ւ է թաքցվում Ավգուստին Ա.-ի ազգանունը

Երեկ Կոտայքի մարզի Ակունք գյուղում սպանված հնագետ, Հայաստանի ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի վաղ բրոնզե դարի բաժնի աշխատող, 59-ամյա Ֆիրդուս Մուրադյանի գործընկերները զայրացած են՝ ինչո՞ւ է Ոստիկանության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ թաքցվել սպանություն կատարած անձի՝ 34-ամյա Ավգուստին Ա.-ի ազգանունը (այն դեպքում, երբ սպանվողի անուն-ազգանունը ներկայացվել է ամբողջությամբ), իսկ կայքերից մեկն էլ սխալ՝ Աթոյան ազգանունով է ներկայացրել Ավգուստին Աբրոյանին, ինչը դրվել է շրջանառության մեջ: Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մի խումբ աշխատակիցներ մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենք շատ լավ են ճանաչում սպանությունն իրականացնողին՝ Ավգուստին Աբրոյանին. Վերջինս ՀՀ Մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության տնօրենի՝ Արմեն Աբրոյանի եղբայրն է: Ի դեպ, թերևս, այդ է պատճառը, որ նախարարության նշված գործակալության աշխատակիցն այսօր 168.am-ի՝ կատարված դաժան սպանության մասին հարցին ի պատասխան՝ ասել է, թե դեպքը չեն շտապում որակել իբրև սպանություն, և, որ այն կարող է դժբախտ պատահար լինել: Նաև նշել են, որ գործակալությունը նշված վայրում պեղումներ իրականացնելու թույլտվություն տվել էր ոչ թե Ավգուստին Ա.-ին, այլ՝ Կոտայքի թեմին: Ավելի վաղ 168.am-ի հարցին ի պատասխան՝ թե արդյո՞ք Արմեն Աբրոյանն ու Ավգուստին Ա.-ն ազգակցական կապ ունեն, գործակալության հեռախոսին պատասխանող կինը (ով նախընտրել էր չներկայանալ) ասել էր. «Մենք գործակալության պետի ազգակցական կապերից տեղյակ չենք»:

Հնագիտության և ազգագրության ինստիտուտից մեր զրուցակիցները նշեցին, որ իրենք տարբեր աշխատանքների ժամանակ առնչվել են և՛ Արմեն Աբրոյանի, և՛ նրա եղբոր հետ, և եթե Արմեն Աբրոյանին կարող են բնորոշել՝ իբրև բարեխիղճ ու պարկեշտ մարդ, ապա նույնը չեն կարող ասել նրա եղբոր մասին, ով այս կամ այն առիթով ցանկացել է հեղինակություն ձեռք բերել՝ առիթը բաց չթողնելով վիճաբանություն սկսել: Նրանց խոսքերով՝ դեպքը տեղի է ունեցել այդպիսի մի վիճաբանության ժամանակ, սակայն Ֆիրդուս Մուրադյանի գործընկերները զարմանում են, թե ինչպե՞ս կարող էր ինչ-որ մեկը մահացու հարված հասցնել ֆիզիկական հսկա կառուցվածքով իրենց գործընկերոջը: «Նա 100 կգ-ից ավելի հսկա ու մարզված մարմին ուներ, նրա մի հայացքը բավական էր, որ կողքի մարդիկ սթափվեին, էլ չենք ասում, որ նույնիսկ նրա ապտակին արժանանալու վախից կարելի էր սարսափել: Սպանությունն, ըստ երևույթին, կատարվել է դավադրաբար՝ հետևից մոտենալով, քանի որ այլ կերպ հնարավոր չէր սպանել նրան»,- ասաց գործընկերներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ:

Դեպքին ականատես են եղել եկեղեցու մոմավաճառուհին և Ֆիրդուս Մուրադյանի հետ աշխատող երկու բանվոր: Պեղումներ իրականացնող գիտական խմբի մյուս աշխատակիցները (մյուս հնագետը, ճարտարապետն ու մյուս 4 բանվորները) այդ պահին դեպքի վայրում չեն եղել:

168.am-ին հայտնի դարձավ նաև, որ Ֆիրդուս Մուրադյանի և Ավգուստին Աբրոյանի միջև անցած երկու ամսվա ընթացքում (նշված աշխատանքները սկսվել են մոտ երկու ամիս առաջ) մեկ անգամ եղել է վիճաբանություն, ինչը հարթվել է խմբի անդամների միջամտության շնորհիվ, սակայն, ինչպես տեղեկացրին հնագետները, այդպիսի վիճաբանություններ միշտ էլ լինում են նման պեղումների ժամանակ, ու սովորաբար գիտական խմբի ղեկավարն ինքն է որոշում՝ ինչպե՞ս փորել, հողն ո՞ւր թափել, և այլն: Վիճաբանությունները, ըստ պատմողների, եղել են նման կարգի հարցերի շուրջ:
Ավգուստին Աբրոյանը եղել է Ակունք գյուղի Պողոս-Պետրոս եկեղեցու տարածքում Կոտայքի թեմի կողմից եկեղեցու վերականգնման համար ընտրված նախագծա-շինարարական ընկերության ղեկավարը, որն էլ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտից վարձել է գիտական խումբ (մեր տեղեկություններով՝ յուրաքանչյուր աշխատողին մոտ 10000 դրամ օրավարձով)՝ Ֆիրդուս Մուրադյանի ղեկավարությամբ եկեղեցու տարածքը պեղելու, մասնավորապես՝ հիմքը ստուգելու համար, որպեսզի հետագա ամրացման աշխատանքներն արդյունավետ լինեն: Ակունք գյուղի եկեղեցու քահանա Տեր Զոհրաբը մեզ հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ՝ խումբն ի՞նչ է արել, աշխատանքներն ի՞նչ ընթացքի մեջ են, նշեց, որ եկեղեցու վերանորոգմանն առնչվող սովորական պեղման աշխատանքներն էին իրականացվում, ինչպես լինում են որևէ եկեղեցի կամ հուշարձան վերանորոգելու դեպքում: Մեզ, այնուամենայնիվ, հաջողվեց այլ աղբյուրի ճշտել, որ աշխատանքների ավարտին մնացել էր մոտ 20 օր. գիտական խումբն արդեն իր եզրակացությունն էր տվել՝ եկեղեցու տանիքի վերականգնման հետ կապված, սակայն դեռ չէր հասցրել ուսումնասիրել եկեղեցու հիմքը: «Ֆիրդուս Մուրադյանը մեր լավագույն պեղողներից, հնագետներից մեկն էր, երկար տարիներ աշխատել եմ նրա հետ, նրա նման մասնագետ, ինչպես նաև ճշմարտախոս, կեղծիք չհանդուրժող, ճշմարտության ջատագով մարդ չեմ տեսել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց սպանված հնագետի մտերիմ ընկերներից մեկը՝ Գագիկ Խաչատրյանը: Նա նշեց նաև մի քանի գիտական պեղում, որոնք իրականացրել է Ֆիրդուս Մուրադյանը. «Իր հիմնական աշխատանքներից էր Ծաղկալանջի էքսպեդիցիան, որի վրա աշխատեց տարիներ շարունակ, գիտական աշխատանքներ է կատարել Մեծամորում, մասնակցել է Վեդիում ուրարտական շերտի բացման աշխատանքներին, Ակնալճում, Աղավնատանը և բազմաթիվ այլ վայերում գիտական խմբեր է ղեկավարել: Ես այս դեպքը միայն մի ձևով կարող եմ բնորոշել՝ անորոշ ճանապարհով հարստացած մարդկանց վարքի դրսևորում, որոնք իրենց անպատժելի են զգում»:

Ֆիրդուս Մուրադյանի գործընկերները միաժամանակ կասկած էին հայտնում՝ արդյոք հանցագործը կկրի՞ արժանի պատիժ, թե՞ կդառնա անպատժելիության միջավայրի ևս մեկ հերոս: Նրանք հայտնեցին, որ անպատկերացնելի է Ֆիրդուս Մուրադյանի երկու որդիների վիշտն ու ցասումը. ճանաչված հնագետն ունի երկու որդի, որոնք աշխատում են որպես ծրագրավորող. նրա կինը մահացել է 2000 թվականին, և հնագետը միայնակ է մեծացրել որդիներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս