Լյուքս Ստեփանյանի հարազատները դատավճիռը չեն բողոքարկի

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հուլիսի 4-ի վճռով՝ զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը դատապարտվեց 17 տարվա ազատազրկման: Դատարանը նրան մեղավոր ճանաչեց շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության (ՀՀ քր. օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետ) և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ (112-րդ հոդվածի 1-ին մաս): Նշենք, որ դատարանի վճիռը դեռևս չի մտել օրինական ուժի մեջ: Դավիթ Խաչատրյանը նշում է, որ ընդունում է՝ իր կատարածը հանցագործություն է, սակայն սպանություն չի կատարել, կրակոցն արձակվել է 30 մետր հեռավորությունից, երբ զենքը գտնվել է գոտկատեղի հատվածում. նա պնդում է, որ կրակոցը պատահականության արդյունք է: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, սակայն, գտել է, որ ամբաստանյալի ցուցմունքն իրականությանը չի համապատասխանում, և «նա նպատակ ունի մեղմել կատարած հանցանքի համար իր պատասխանատվությունն ու պատիժը»: «168 Ժամի» հետ զրույցում Դ. Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը «խայտառակ» է որակել դատարանի վճիռը և հայտնել, որ պատրաստվում են այն բողոքարկել Վերաքննիչ դատարանում: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռի մասին զրուցել ենք գործով տուժող Լյուքս Ստեփանյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արմեն Սարգսյանի հետ:

 

– Պարոն Սարգսյան, ինչպե՞ս եք գնահատում Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:
– Ես, բոլոր դեպքերում, պետք է արտահայտեմ տուժող կողմի դիրքորոշումը: Նրանք այնքան էլ գոհ չէին այդ դատավճռից: Ճիշտ է՝ դատաքննությունը նորմալ է ընթացել, բայց նրանք ցմահ ազատազրկում էին ցանկանում: Բայց եթե իրատեսական ես նայում, ապա պատիժը ոչ շատ խիստ, ոչ շատ մեղմ եղավ: Չես կարող միանշանակ ասել, որովհետև, եթե նայեք ամբաստանյալին մեղսագրվող հոդվածների սանկցիաները, պատիժը նշանակվել է մինիմում չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում էր 12-20 տարվա ազատազրկում, 112-րդ հոդվածի 1-ին մասը՝ 3-7 տարվա ազատազրկում: Դատարանը 104-րդ հոդվածի 2-րդ մասով ամբաստանյալին դատապարտեց` 13, իսկ 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ 4 տարի ժամկետով ազատազրկման: Փաստորեն, նվազագույն չափով նշանակվեց պատիժը: Դատարանն է ապացույցների համակցության հիման վրա գնահատական տալիս: Դատարանն իր գնահատականը դատավճռով տվեց: Ես չեմ կարող դուրս գալ տուժող կողմի դիրքորոշումից: Նրանց դիրքորոշումն այն էր, որ Դավիթ Խաչատրյանը սպանել է Լյուքս Ստեփանյանին: Դատարանն էլ դատավճիռ կայացրեց, որ տեղի է ունեցել սպանություն, և նշանակեց ազատազրկում:
– Դուք էլ նշեցիք, որ Լյուքս Ստեփանյանի հարազատները դժգոհ են պատժաչափից: Գործով դատավճռի հրապարակումից հետո էլ նրանք նշեցին, որ մահապատիժ էին սպասում: Խոսել եք ձեր վստահորդների հետ, հնարավո՞ր է՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բողոքարկեք ՀՀ Վերաքննիչ դատարան:
– Ոչ: Այսպես ասած՝ նրանք այնքան են հոգնել այդ երկար դատաքննությունից, որ երևի այլևս կյանքում դատարանի դուռ չգնան, ոչ էլ դատարան են ուզում տեսնել որևէ տեղ: Մարդիկ հոգնել են այդ երկարատև դատաքննությունից: Նրանց, այսպես ասած, ոչ մի բան չի հետաքրքրում:
– Փաստորեն որոշել են չբողոքարկել:
– Ոչ: Բողոքարկման մասին խոսք չկա: Չգիտեմ՝ պաշտպանության կողմը կբողոքարկի՞, թե՞ ոչ, բայց մեր կողմից բողոքարկման մասին խոսք չկա:
– Պաշտպանական կողմը խոսեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայտարարությունների մասին: Վերջինս մինչև դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալն ու վճռի հրապարակումը, երբ գործը դեռ դատական վիճաբանությունների փուլում էր, հայտարարեց, որ այս գործով ունեցանք մեղադրական դատավճիռ, նշեց, որ իր կարծիքով՝ մեղադրանքը բացարձակ հիմնավորված է, կատարվել են բոլոր քննչական գործողությունները, ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ՝ մեղադրանքը, մեղավորությունը հիմնավորելու համար: Ավելի ուշ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ շփոթել էր մեկ այլ քրեական գործի հետ՝ նշելով, որ ինքը, իրոք, գոհ է նախաքննության արդյունքներից: Հետագայում Դ. Խաչատրյանի պաշտպանները հայտարարեցին, որ անմեղության կանխավարկած է խախտվել: Ի՞նչ գնահատական կտաք Գ. Կոստանյանի այս հայտարարություններին:
– Ինձ թվում է՝ շփոթմունք է, որովհետև գլխավոր դատախազը չէր կարող այդպիսի հայտարարություն անել: Պարզապես շփոթմունք էր: Նա երևի նկատի ուներ, որ մեղադրողն արդեն ներկայացրել էր իր ճառը, շփոթվեց, ասաց՝ արդեն ունենք մեղադրական դատավճիռ: Ինձ թվում է՝ շփոթմունք է: Ճիշտ է, եթե վերցնես և հենց օրենքով վերլուծության ենթարկես, անմեղության կանխավարկածի խախտում կլինի, բայց բոլորս պետք է հասկանանք, որ գլխավոր դատախազին զեկուցում են հարյուրավոր գործեր, և ցանկացած մարդ, հնարավոր է, շփոթվի, անսխալական մարդ չկա: Մարդը շփոթվեց և հենց իր հաջորդ հարցազրույցում հայտարարեց, որ դա շփոթմունք էր: Ըստ էության՝ դա ոչ մի էական նշանակություն էլ չուներ: Պետք չէ ամեն ինչ բերել, կապել, թե դա ազդեց դատարանի դատավճռի վրա: Պաշտպաններն իրենք համոզվեցին, որ ամբողջ դատաքննությունն իր ընթացքով` արդար, մրցակցային էր, շատ լավ դատաքննություն էր, բոլոր կողմերի իրավունքները պաշտպանվեցին, բոլոր կողմերին տրվեցին մրցակցության հավասար պայմաններ: Ամբողջ Հայաստանում գիտեն, որ քննիչները սուրբ չեն, և ամեն ինչ չէ, որ օրենքի սահմաններում իրականացնում են, բայց պաշտպաններն էլ տեսան և համոզվեցին, որ դատաքննությունը շատ նորմալ ընթացավ: ճիշտ է, պաշտպաններն իրենց աշխատանքն են անում, քրեաիրավական վերլուծության հարցեր կան, պետք է բողոքարկեն վճիռը, բայց դատախազինը շփոթմունք էր:
– Այսինքն՝ կարծում եք, որ գլխավոր դատախազի հայտարարությունները դատարանի վճռի վրա ընդհանրապես ազդեցություն չե՞ն ունեցել:
– Բացարձակապես: Հասկանո՞ւմ եք՝ իրավաբանն այդպիսի բան պետք է չասի: Ինչպե՞ս կարող է դատախազի հայտարարությունը, որը հետո ինքը հայտարարում է, որ շփոթմունք է, ազդել դատավորի վրա՝ դատավճիռ կայացնելիս: Դա հնարավոր չէ: Ո՛չ այս գործով: Այս գործն այնքան մեծ հասարակական հնչեղություն ունեցող գործ էր, հնարավոր չէր որևէ ազդեցություն: Բացառված է: Ինչպե՞ս կարող է որևէ հայտարարություն ազդեցություն ունենալ դատավորի վրա: Եթե այդպես է, եկեք ասենք, որ բոլոր լրատվամիջոցների հաղորդումները, քննարկումները, ինտերնետային կայքերը, հայտարարությունները դատարանի վրա ազդեցություն են ունենում դատավճիռ կայացնելիս: Այսպիսի բան հնարավոր չէ:

Տեսանյութեր

Լրահոս