Գևորգ Կոստանյանը` Վլադիմիր Գասպարյանի հայտարարության մասին

Ամիսներ առաջ, խոսելով «Բերկուտի» գործողությունների մասին, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ասել էր. «Մենք էլ էինք ծեծում, մենք էլ էինք ջարդում, ստորացնում: Բայց հիմա այլեւս չենք ծեծում, չենք ջարդում եւ չենք ստորացնում»: 168.am-ն այսօր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեց` արդյոք Վլադիմիր Գասպարյանի այս հայտարարությունն ընդունվե՞լ է որպես հաղոդում հանցագործության մասին, կատարվե՞լ են որոշակի գործողություններ:

Ի պատասխան Գ. Կոստանյանն ասաց. «Ուրեմն տեսեք: Որ նախկինում ծեծել են, ստորացրել են, խոշտանգել են… Մենք չենք խոսում ու երբեք չենք խոսել համակարգային նման դրսևորուման մասին: Մենք խոսել ենք անհատական դրսևորումների մասին: Այսինքն` հո բոլոր ոստիկանները չէին, որ ծեծում, խոշտանգում, ստորացնում կամ իրենց պաշտոնական դիրքն այլ կերպ չարաշահում էին: Եվ այդ տեսակետից ես համոզված եմ, դուք էլ կարող եք ունենալ այդ տեղեկատվությունը, թե քանի ոստիկան է պատասխանատվության ենթարկվել, պատժի ենթարկվել` իր պաշտոնական դիրքը չարաշահելու համար, այդ թվում ծեծելու, խոշտանգելու կամ անմարդակային այլ վերաբերմունքի արժանացնելու համար: Այսինքն` ոստիկանապետի ասածը հենց դա էր, որ ունեցել ենք այդպիսի դեպքեր, և մարդիկ պատասխանատվության ենթարկվել են, եթե կունենանք այդպիսի դեպքեր ապագայում, էլի պատասխանատվության կենթարկվեն»:

Ավելի վաղ մեր հարցին`արդյոք իր հայտարարությունը հաղորդում չէ՞ հանցագործության մասին, Վլադիմիր Գասպարյանը պատասխանել էր. «Բացարձակապես: Աղջի´կ ջան, հոգի ջան, ախր պետք է հասկանալ՝ ինչը ինչից հետո է: Բաց տեքստով ասված է եղել. մենք, ես ի նկատի եմ ունեցել, պարզաբանեմ, խաղաղվելու համար պարզաբանեմ, մենք ի նկատի ենք ունեցել միլիցիան, այսինքն՝ մենք իրենց փոխարինողներն ենք, չէ՞, ժառանգորդներն ենք՝ միլիցիայից ոստիկանություն և ընթացք, այսինքն՝ միլիցիան, ամբողջ այդ ընթացքում խոսել է նրա մասին, որ ծեծով ու ջարդով ցուցմունքներ են խլում: Ի նկատի է ունեցվել դա, որ նախկինում եղել է այդպես, պարզ ասում եմ՝ տեսե´ք, որ մենք վերափոխվել ենք, դա այլևս չենք անում, քաղաքականությունը փոխվել է»:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ հանցագործության մասին հաղորդումը Քրեական դատավարության օրենսգրքով կարգավորվող ինստիտուտ է. «Հանցագործության մասին հաղորդումները լինում են բանավոր և գրավոր, այդ թվում` նաև մամուլում հնչած տեղեկությունները, որոնք համապատասխան պաշտոնական անձինք կարող են ընդունել` որպես հաղորդում: Այսինքն՝ եթե հնչում է տեսակետ, որտեղ անձը հայտնում է, որ կա քրեորեն պատժելի արարք, կապ չունի` Գասպարյա՞նը լինի, Նիկոլայ Բաղդասարյա՞նը, թե՞ այլ անձ, դա, ըստ Քրեական դատավարության օրենսգրքի, պետք է դիտվի` որպես հաղորդում»,- ասաց Ն. Բաղդասարյանը:

Կարդացեք նաև

Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ ասել էր, որ իր կարծիքով՝ ոստիկանապետի հայտարարությունը բավարար պետք է լինի, որպեսզի պատկան մարմինները սկսեն նյութեր նախապատրաստել այդ ուղղությամբ. «Ի վերջո, իրենից պետք է բացատրություն վերցնել՝ ինքը կոնկրետ ի՞նչ դեպք ի նկատի ունի, ի՞նչ նկատի ունի` «մենք» ասելով, դրանից հետո որոշվի` քրեական գործ հարուցելու հիմք կա՞ այս պարագայում, թե՞ չկա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս