
Ադրբեջանում 4 ամսով երկարաձգել են Ռաուֆ Միրկադիրովին կալանքի տակ պահելու ժամկետը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի դատարանն այսօր 4 ամսով երկարաձգել է լրագրող Ռաուֆ Միրկադիրովին կալանքի տակ պահելու ժամկետը: Այս մասին գործակալությանը հայտնել է լրագրողի փաստաբան Էլմար Սուլեյմանովը:
Միրկադիրովին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու միջնորդությամբ հանդես էր եկել գլխավոր դատախազությունը՝ դա հիմնավորելով հետաքննչական անհրաժեշտ գործողություններ անցկացնելու անհրաժեշտությամբ: Հետաքննությունը կարծում է, որ եթե Միրկադիրովը հայտնվի ազատության մեջ, ապա նա կարող է փախուստի դիմել:
Միրկադիրովը դատարանում հիշեցրել է, որ հոր մահվան ժամանակ ժամանակավորապես ազատ է արձակվել, սակայն չի փորձել թաքնվել: Բացի այդ, նա խնդրել է հաշվի առնել իր մոր առողջական վիճակը: Սակայն դատարանը հաշվի չի առել նրա փաստարկները:
Միրկադիրովի փաստաբանները պատրաստվում են տվյալ որոշումը բողոքարկել Վերաքննիչ դատարանում: Ուշագրավ է, որ Ռաուֆ Միրկադիրովն այսօր դարձավ 53 տարեկան: Վաղը պլանավորված է հարցաքննել նրան: