Վրաստանից Հայաստան դեղերի անօրինական ներկրման ծավալները մեծանում են
Վրաստանից դեղերի անօրինական ներկրումը Հայաստան վերջին շրջանում տեղական արտադրողների համար անհնագստացնող է դառնում, թեև ներմուծումը դեռ մեծ ծավալներ չի կազմում: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Դեղ արտադրողների և ներմուծողների (ԴԱՆ) միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը: Ըստ նրա՝ անօրինական դեղերի մուտքը Երևանում գուցե այդքան նկատելի չէ, բայց մարզերում, գյուղական բնակավայրերում տարածված է: Ըստ նրա՝ դա շահավետ է նաև մարզային դեղատների համար՝ ավելի էժան վերցնել և ավելի թանկ վաճառել ու, չնայած ֆիրմաների պաշտոնական ներկայացուցիչները հետևում են, բայց այդ քանակը գնալով շատանում է:
«Դեղերը կեղծ չեն, վտանգավոր չեն, բայց ապօրինի ներմուծման համար բարենպաստ դաշտ կա: Վրաստանում և Հայաստանում նույն դեղի գնի տարբերությունը 35-40% է»,- ասաց նա:
Ըստ Զաքարյանի՝ տարածաշրջանում Հայաստանը միակ երկիրն է, որ դեղերի ներմուծման ժամանակ սահմանի վրա գանձում է 20% ԱԱՀ, որից բյուջեի տարեկան մուտքերը մոտ 110 մլն դոլար են կազմում:
Նա նշեց, որ մինչև 2002 թ. ՀՀ-ում դեղերի ներմուծման ժամանակ ԱԱՀ չկար. «Այն ժամանակ խոսվում էր, որ այդ 20%-ը հատուկ ֆոնդ կգնա, առողջապահական ծառայությունների, սուբսիդիաների համար: Մինչև հիմա ֆոնդի անունը չգիտենք, գումարները չգիտենք որտեղ են: Նաև գտնվելով անհարմար տեղում և համեմատաբար փոքրիկ երկիր լինելով, մեծ խմբաքանակներ չեն գալիս ՀՀ և օտարերկրյա արտադրողները շատ հետաքրքրված չեն հայկական շուկայով, ու չափորոշիչների ամեն մի փոքր փոփոխությունն անգամ վտանգի տակ է դնում այստեղ ինչ-որ արտադրողի, օտարերկրյա կազմակերպության գործուենությունը»: