Բաժիններ՝

Թուրքիայի կառավարությունը չի ցանկանում GAP-ի միջոցով լուծել քրդաբնակ շրջանների գործազրկության խնդիրը. Taraf

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ Հարավարևելյան-անատոլիական նախագիծը (GAP) կենսական նշանակություն ունի Թուրքիայի համար և հանդիսանում է 1936 թվականին Աթաթուրքի սկսած ծրագիր: GAP-ը բաղկացած է Եփրատ և Տիգրիս գետերի վրա ոռոգման ու էներգետիկ արտադրության 13 նախագծի փաթեթից:

Դրա շրջանակներում նախատեսվում էր կառուցել 22 ամբարտակ, 19 հիդրոէլեկտրակայան և ոռոգել 1.8 միլիոն հողատարածք: Սակայն ներկա դրությամբ ոռոգման մասով ավարտված է աշխատանքների միայն 17.3 տոկոսը, և պլանավորած 1.8 միլիոն հողատարածքից ոռոգվում է միայն 20 տոկոսը:

2014 թվականի հուլիսի 1-ին Թուրքիայի ազգային վիճակագրական ընկերությունը հրապարակեց գործազուրկների մասին տվյալներ: Գործազրկության ամենաբարձր մակարդակն ունեցող նահանգներն են՝ Բաթմանը՝ 23.4 տոկոս, Մարդինը՝ 20.6 տոկոս, Սիիրթը՝ 20.5 տոկոս, Շըրնաքը՝ 20.1 տոկոս և Դիարբեքիրը՝ 18.7 տոկոս:

Այս 5 նահանգները մտնում են այն 9 նահանգների թվում, որոնց տարածքներին առնչվում է GAP-ը: Այդ  նահանգին բաժին է ընկնում Թուրքիայի բնակչության 10 տոկոսը: GAP-ի նախագծի իրագործման դեպքում 3.8 միլիոն մարդ կապահովվի աշխատատեղով:

Ներկա դրությամբ GAP-ի շրջանակներում ավարտված է 17 ամբարտակի կառուցումը, սակայն դրանց ջրերը չեն գործածվում ոռոգման նպատակով: Ստացվում է, որ ջուր կա, սակայն չկա ոռոգման ցանց: Դա կարող էր կրկնապատկել 65 միլիարդ դոլարի մեր գյուղատնտեսական արտադրանքը, ինչը կազդեր կենսամակարդակի վրա:

Ի միջի այլոց, GAP-ի իրագործումը կլուծեր ոչ միայն տարածաշրջանում, այլև՝ երկրում առկա գործազրկության խնդիրը: Սակայն կառավարությունն ընկել է պոպուլիզմի հետևից՝ Ստամբուլի համար մեկը մյուսի հետևից իրականացնելով նախագծեր, մինչդեռ GAP-ը մոռացության է տրվել:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 30-ին Թուրքիայում անցկացված ՏԻՄ ընտրություններից առաջ GAP-ի գոտում բացվեց աշխարհի հինգերորդ խոշոր ջրային թունելը՝ Սուրուչի թունելը:

Ի դեպ, 2012 թվականի դրությամբ GAP-ն արդեն իսկ «տեսել է» Թուրքիայի 27 կառավարության: Նույն թվականի դեկտեմբերի 25-ին Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Ալթան Թանը Թուրքիայի խորհրդարանում բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց, որ GAP-ի նախագծի իրագործմանը խոչընդոտում է «խորքային պետությունը», որը չի ցանկանում երկրի քրդաբնակ շրջանների զարգացում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս