«Բիզնեսը ստվերից դուրս բերելու» օպերացիան սկսվա՞ծ է
Մայիսին Հայաստանի խոշոր գործարարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախազգուշացրել էր, որ հուլիսի 1-ից ստուգումները խստացվելու են՝ ստվերում գտնվող բիզնեսին հարկման դաշտ բերելու նպատակով: Այսօր արդեն հուլիսի 11-ն է ու, թեև պաշտոնյաները պնդում են, թե իրավիճակը փոխվել է, և տնտեսվարողներն իրենք են սկսել ավելի թափանցիկ աշխատել, սակայն գործարարները նշում են, որ հարկային չինովնիկները նույնպես վերջին 10 օրերի ընթացքում ակտիվացել են:
Որոշ գործարարներ 168.am-ին պատմեցին, որ իրենց մոտ ավելի շատ հսկիչ գնումներ և չափագրումներ են տեղի ունեցել, քան ողջ նախորդ տարվա ընթացքում: Ընդ որում, ըստ նրանց, գիլյոտինի տակ ամենամանրերն են:
Հարկային ծառայությունը առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքների առաքման կամ տեղափոխման խախտումների դեմ պայքարը սկսել էր անցած տարի մարտից և պարբերաբար հրապարկում է վիճակագրությունը: Ըստ այդմ՝ այս տարվա հուլիսի 7-ի դրությամբ աշխատանքային 6 օրվա ընթացքում արձանագրվել են 95 խախտումներ՝ 45 մլն 287 հազար դրամ ծավալով, մինչդեռ նախորդ ժամանակաշրջանում պատկերն այլ էր. հունիսի առաջին 6 աշխտանքային օրերին հայտնաբերվել էր 45 խախտում՝ 28 մլն 433 հազար դրամ ծավալով, իսկ անցած տարի հուլիսին՝ ընդամենը 26 խախտում՝ 16 մլն 483 հազար դրամ ծավալով: Հայտնաբերված խախտումների եռակի, կրկնակի ավելացումը ինքնին խոսուն է և ավելորդ մեկնաբանությունների կարիք չկա:
Հավելենք միայն, որ խախտումները հիմնականում հայտնաբերվել են փոքր ու միջին տնտեսվարողների մոտ,այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի, իսկ այս «սև» ցուցակում հայտնված խոշոր ընկերություններից են «Սարգիս Կարոլինա», «Օրիմպ Սանտ», «Արպանիվ», «Ավո ֆուդ», «Սիկոնե», «Յուման», «Կոնտե էլեգանտ», «Ճաննախագիծ ինստիտուտ», «Ալեքս Գրիգ», «Ադամիում», «Թամարա», «Աթենք», «Աշտարակ կաթ», «Երևանի գարեջուր», «Բարի սամարացի», «Սևանի հացի գործարան», «ՇՄՇ-23», «Լեսօնա» ընկերությունները և նույնիսկ մեկ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն՝ «ԷՅԷՅԷՖՓԻՍԻ»: