Երեք հայ տնտեսական լրագրողներ մրցանակներ են ստացել
Երեք հայ տնտեսական լրագրողներ մրցանակներ են ստացել Ամերիաբանկից տնտեսագիտության տեսության, ֆինանսների և միջազգային տնտեսական հարաբերությունների վերաբերյալ դասընթացների շրջանակում: Ինչպես հաղորդում է «Ամերիա» խմբի մամուլի ծառայությունը, Տնտեսական լրագրողների համար դասընթացը կազմակերպել էր «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամը` «Ջեյ Թի Ինթերնեյշնլ» (JTI) հայաստանյան ներկայացուցչության և «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ։
Դասընթացը նպատակ ուներ գործնական հմտություններին զուգահեռ զարգացնել լրագրողների տեսական գիտելիքները և վերլուծական կարողությունները: Դասընթացն ավարտած լրագրողները ստացան դասընթացը հաջողությամբ ավարտելու մասին վկայագրեր և Ամերիաբանկի կողմից կորպորատիվ հուշանվերներ:
Լավագույն արդյունք ցուցաբերած երեք լրագրողի Ամերիաբանկը տրամադրեց VISA Classic վճարային քարտ` 500 հազ. դրամ վարկային գծի սահմանաչափով և ճանաչված հեղինակների մասնագիտական գրքեր: Այս երեք լրագրողները կմեկնեն «Ջեյ ԹԻ Ինթերնեյշնլ» ընկերության գործարաններից մեկը` տեղում հարստացնելու ծխախոտային ոլորտի և արտադրության մասին իրենց գիտելիքները:
«Դասընթացի կազմակերպիչները կարևորելով լրագրողի դերը տնտեսական տարբեր հարցերի լուսաբանման գործում` անհրաժեշտ համարեցին նման դասընթացների պարբերաբար կազմակերպումը, որը կնպաստի Հայաստանում տնտեսական լրագրության ներուժի զարգացմանը»,– ասվում է հաղորդման մեջ։
Կովկասի ինստիտուտ գիտահետազոտական կենտրոն է Երևանում: Նրա հիմնական նպատակն է նպաստել հասարակության լայն ներգրավվածությանը քաղաքական որոշումների որդեգրման հարցում: Այդ պատճառով ինստիտուտն անցկացնում է գիտահետազոտական աշխատանքներ, մշակում և լոբբինգի է ենթարկում քաղաքական որոշումները և նպաստում հասարակական դիսկուրսի իրազեկմանը և բազմակարծությանը:
«Ջեյ Թի Ինթերնեյշնլ» (JTI) ընկերությունը ճապոնական Japan Tobacco, Inc.-ի միջազգային ստորաբաժանումն է, որը գործում է աշխարհի ավելի քան 120 երկրներում: Japan Tobacco, Inc.-ը աշխարհի խոշորագույն ծխախոտային ընկերություններից մեկն է: Հայաստանի սպառողներին JTI ընկերությունը հայտնի է իր «Winston», «Camel», «LD», «Sobranie» և «Monte-Carlo» ապրանքանիշերով:
«Ամերիա» ընկերությունների խմբի անդամ «Ամերիա» ՓԲԸ-ն Հայաստանում խորհրդատվական առաջատար կազմակերպություն է, իրականացնում է լայնածավալ աշխատանքներ կորպորատիվ վերակազմավորման, միաձուլումների և ձեռքբերումների, իրավաբանական խորհրդատվության, ուղղակի և պորտֆելային ներդրումների, կորպորատիվ կառավարչական խորհրդատվության, պետական կառավարման ու բարեփոխումների և այլ ոլորտներում: «Ամերիա» ՓԲԸ մաս կազմող կառավարման խորհրդատվական ծառայությունը մասնագիտացված է ռազմավարության, գործառնական, մարքեթինգի, կորպորատիվ ֆինանսների, մարդկային ռեսուրսների կառավարման, հետազոտությունների և հանրային հատվածի խորհրդատվության ոլորտներում: