Բաժիններ՝

Մի թիզ հողի կռիվ. ո՞վ է Փոքր կենտրոնում նոր բարձրահարկ կառուցում

Անցած տարի Երևանի քաղաքապետի ընտրություններից առաջ Տարոն Մարգարյանը հայտարարեց, որ մայրաքաղաքի Փոքր կենտրոնում չի լինելու կառուցապատում:

2013թ. մարտին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած Երևանի Փոքր կենտրոնի կառուցապատման հայեցակարգով նախատեսվում է գերուրբանիզացման թեթևացում, քաղաքաշինական պլանավորման հատուկ չափորոշիչների կիրառում` հաշվի առնելով շենքերի խտությունը, բարձրությունը, կանաչ հողամասերի հարաբերակցությունը, այսինքն` կառուցապատումը պետք է դիտվի` որպես բացառիկ դեպք: Հայեցակարգում նաև նշվում է, որ «Կանաչ» ճարտարապետության արմատավորումն ու խրախուսումը բավականաչափ արդիական է «Փոքր կենտրոնի» խիտ կառուցապատված միջավայրի համար, որտեղ գնահատելի է կանաչապատված յուրաքանչյուր տարածքային հատված:
Չնայած հայեցակարգի բովանդակությանն ու քաղաքապետի խոստումներին, մի քանի օր առաջ Երևանի Փոքր կենտրոնում` Հանրապետության Հրապարակից մոտ 60 մետր հեռավորության վրա, Մհեր Մկրտչյան 15 և 15/1 հասցեում 800-1000 քմ տարածք ցանկապատվել է` հերթական էլիտար բարձրահարկի կառուցման նպատակով: Ցանկապատից ներս կանգնած է էքսկավատոր` պատրաստ հողափորման աշխատանքներ իրականացնելու:

shanq111

Հարակից շենքերի բնակիչները «168 Ժամին» ահազանգեցին, որ ցանկապատման պատճառով առանց այն էլ նեղ փողոցն ավելի է նեղացել, և ոչ մի ցուցատախտակ չկա, թե ո՞վ է կառուցապատողը և ի՞նչ է անելու: Միայն երեկ երկաթյա դարպասների հարևանությամբ փակցվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի ստորագրությամբ 04.07. 2014-ին «Սերեոն» ՍՊԸ-ին տրված N23/35-32 թույլտվությունը, որի համաձայն` ընկերությունը մինչև այս տարվա ավարտը տարածքում պետք է իրականացնի «Երևան քաղաքում ստորգետնյա հաղորդուղիների մասով քանդման-վերականգնման և այլ միջոցառումների հողային աշխատանքներ», այսինքն` մինչև դեկտեմբերի 31-ը պետք է տարածքից ամբողջությամբ տեղափոխի ինժեներական կոմունիկացիաները («Գազպրոմ Արմենիա», «ԱմենՏել», «ՀԷՑ», «Երևան Ջուր»): Թույլտվության հատուկ պայմանների մեջ նշված է, որ «ասֆալտ-բետոնե ծածկի կտրումը անհրաժեշտ է իրականացնել սղոցով կամ կոմպրեսորով, մոնտաժային աշխատանքներն ավարտելուց հետո ետլիցքը պետք է իրականացվի ավազակոպճային գրունտով համապատասխան տափանմամբ: Փողոցի հատման աշխատանքներն իրականացնել շաբաթ և կիրակի գիշերային ժամերին»:

shenq333
Երեկ, երբ այցելեցինք շինհրապարակ, դարպասներից դուրս եկան երկու երիտասարդներ: Մեզ հետ զրույցում նրանցից մեկը նշեց, թե մեկ օր առաջ է ընդունվել «Սերեոն» ընկերությունում աշխատանքի և իր առաջին աշխատանքային օրն է: Մեր հարցերին, թե որպես ի՞նչ է աշխատում, տարածքում ի՞նչ պետք է արվի, արդյոք կա՞ թույլտվություն, երիտասարդը բավական հետաքրքիր պատասխաններ տվեց. նա նշեց, թե ուսանող է, նախագիծ, որպես այդպիսին, չի տեսել, մատնանշեց փակցված թույլտվությունն ու ասաց, որ հողի տակով անցնող կոմունիկացիաները պետք է տեղափոխեն, օրինակ` գազի խողովակը գետնի տակով է անցնում, բայց այսօրվա նորմերով դա չի թույլատրվում, և պետք է օդով անցկացնեն կամ տեղափոխեն: Մեր դիտարկմանը, որ բնակիչների խոսքով այդտեղ բարձրահարկ շենք է կառուցվելու, երիտասարդն ավելի հաստատուն տոնով հայտարարեց. «Ես երբ որ նախագիծ ստանամ, սկսեմ իմ հողային աշխատանքները, կամ չգիտեմ ինչ-որ աշխատանքներ, կիմանամ ինչ եմ կառուցում: Ես դեռ չգիտեմ»: Սակայն մեր խնդրանքը` ներկայանալ, նրան շփոթության մեջ գցեց։ «Ես դեռ որպես էդպիսին ձևակերպված չեմ, ուսանող եմ, սովորում եմ, ուղղակի որպեսզի փորձ ձեռք բերեմգ դեռ կոնկրետ գրված չկա, թե էսինչ բաժնի էսինչ աշխատող եմ: Երբ որ կսկսվի եռուզեռը, էն ժամանակ կտեսնենք»,- ասաց նա:

shenq44
Բնակիչների փոխանցմամբ, ըստ լուրերի` այդ տարածքը նախկինում պատկանում էր մի սփյուռքահայի, որը մտադիր էր շենք կառուցել, բայց ինչ-ինչ խոչընդոտների պատճառով մտափոխվել և վաճառել է տարածքը, բայց գործարքը դեռ ավարտված չէ, տարածքն էլ գրավի տակ է: Ըստ այդմ էլ` նոր կառուցապատողը չի կարող ճարտարապետահատակագծային առաջադրանք, շինարարության թույլտվություն կամ նախագիծ ունենալ: Բնակիչների պնդմամբ` Երևանի գլխավոր հատակագծով այդ տարածքում շենք նախատեսված չէ: Նրանք բողոքեցին, որ այժմ ցանկապատման հետևանքով չեն կարողանում աղբը թափել, քանի որ աղբամանները մնացել են ցանկապատի մյուս կողմում: Նրանք նաև դժգոհեցին, որ առանց այդ էլ տարածքը խիտ է կառուցապատված, և նոր բարձրահարկն ուղղակի «կխեղդի» իրենց, իսկ կառուցապատումը հակասում է բոլոր գործող չափանիշներին:

shenq555
Ըստ շրջանառվող լուրերի` «Սերեոն» ՍՊԸ-ի աշխատանքը չի ավարտվելու միայն խողովակների տեղափոխմամբ, այլ կառուցվելու է 10-հարկանի շենք, ինչի համար 10 մլն դոլար է անհրաժեշտ: Բայց համառ լուրերը պնդում են, որ «Սերեոնը» չունի այդքան գումար և նույնիսկ հողափորման աշխատանքների համար դիմել է ԹՁը բանկին` վարկ ստանալու ակնկալիքով:

Մհեր Մկրտչյան 15 և 15/1 հասցեի հարևանությամբ գտնվում են ՄԱԿ-ի, «Էրեբունի» և «Հայաթ» հյուրանոցների, Արհմիության կոնֆեդերացիայի, ADCO ընկերության շենքերը, որոնց ղեկավարությունը նույնպես դժգոհ և անհանգստացած է նոր շենքի շինարարությամբ, քանի որ դա առաջին հերթին` սպառնում է իրենց անվտանգությանը, մասնավորապես` եթե հանկարծ հրդեհ բռնկվի, հրշեջ մեքենաները չեն կարողանա մոտենալ շենքերին: Դրանց վարչական կազմի ներկայացուցիչները մեզ հայտնեցին, որ առաջիկա օրերին պատրաստվում են բաց նամակով դիմել ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, ՀՀ վարչապետին և Երևանի քաղաքապետին` պահանջելով կանխել վտանգավոր կառուցապատումը:

Ուշագրավ է, որ «Սերեոն» ՍՊԸ-ն նախկինում որևէ շինարարական աշխատանքում ներգրավված չի եղել: Ընդ որում` ընկերության գործունեությունն այնքան էլ հաջող չի եղել և տարիներ շարունակ միլիոնավոր դրամների վնաս է հայտարարագրել: Սակայն այս տարի հունիսի 3-ին «Սերեոնը» դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան` Մհեր Մկրտչյան 15 և 15/1 հասցեում վարչագործարարական և հյուրանոցային համալիր կառուցելու թույլտվություն ստանալու համար:
Հաշվի առնելով, որ ոչ ոք իրավունք չունի Երևան քաղաքում շինաշխատանքներ կատարել, հատկապես հյուրանոց կառուցել, չունենալով ճարտարապետահատակագծային առաջադրանք, այդ պատճառով էլ խորամանկ սեփականատերն աշխատանքները սկսում է այլ նպատակի անվան տակ, մինչև որոշումը կընդունվի: Ի դեպ, խողովակներ տեղափոխելու աշխատանքների համար պետք է մրցույթ հայտարարվեր, և «Սերեոնը» պետք է շահեր այդ մրցույթում: Այլապես ո՞վ իր հաճույքի համար խողովակ կտեղափոխի: Նման որևէ հայտարարություն մենք չգտանք համացանցում: Ամեն դեպքում, եթե անգամ մրցույթ եղել է, ինչպե՞ս են պարտք ունեցող ընկերությանը հաղթող ճանաչում: Իսկ գուցե «Սերեոնն» այս աշխատանքը ստանձնում է` պարտավորությունները մարելո՞ւ համար: Բայց մեր երկրում նման պրակտիկա չի կիրառվում: Ինչևէ, կատակը մի կողմ թողնենք:
Ո՞վ է «Սերեոնի» «թիկունքը», որ հանդգնում է Երևանի հենց սրտում նման գործ ձեռնարկել: Չէ՞ որ մայրաքաղաքում, այն էլ` Փոքր կենտրոնում, որևէ շինարարություն իրականացնելու համար ոչ միայն մեծ գումարներ են հարկավոր:

Ըստ էլեկտրոնային ռեգիստրում առկա տվյալների` «Սերեոն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2009 թ. դեկտեմբերին, հիմնադիրը Միացյալ Թագավորության քաղաքացի Էդվին Պապոյանսն է։ Բայց բոլորովին վերջերս` այս տարվա մայիսի 31-ին, ընկերության բաժնետոմսերը ձեռք է բերել «Ար-Գո ռիելթի» ընկերության հիմնադիր Արայիկ Գոջաբաշյանը, ով դրանք վերավաճառել է օրեր առաջ` հունիսի 30-ին գրանցված «Ունիվերսալ ինվեսթմենտ գրուփ» ՍՊԸ-ին: Այս ընկերության հիմնադիրն է Կարապետ Սաքապետոյանը, որի եղբայրը` Արմեն Սաքապետոյանը, աշխատում է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում: Ընդ որում, «Ունիվերսալ ինվեսթմենտ գրուփ» ՍՊԸ-ն գրանցված է Մհեր Մկրտչյան 15 հասցեում, այսինքն` այն նույն հողակտորի վրա, որտեղ «Սերեոնը» պաշտոնապես պատրաստվում է խողովակներ տեղափոխել և դիմել է շենք կառուցելու թույլտվություն ստանալու համար:

Եթե նորաստեղծ ընկերության իրավաբանական հասցեն հողակտոր է, որտե՞ղ է նրա գործունեության հասցեն: Չէ՞ որ հողի վրա գործունեություն չեն ծավալում: Հետաքրքիր կլիներ նաև իմանալ, թե որ հասցեով են աշխատակիցներ ընդունել: Այս պայմաններում բնական է, որ մեզ հանդիպած երիտասարդը որպես աշխատող գրանցված էլ չէ: Սակայն խնդիրը սա չէ, այլ այն, թե ինչ վստահությամբ է ըստ էության նորաստեղծ ընկերությունը ստանձնում խողովակների և մյուս ենթակառուցվածքների տեղափոխում: Հավանաբար` հենց այն համոզմամբ, որ քաղաքապետարանը չի մերժի և կտրամադրի շինթույլտվություն, ու հետագայում էլ, երբ շենքն արդեն կառուցված կլինի, կստացվի, որ «Ունիվերսալ ինվեսթմենտ գրուփը» գրանցված է ոչ թե հողակտորի, այլ էլիտար բիզնես կենտրոնում գտնվող իր գրասենյակի հասցեում: Չի բացառվում նաև, որ Կարապետ Սաքապետոյանն ընդամենը գործիք է և ընկերության ստեղծման նախաձեռնողը, այսինքն` շենքի իրական տերը բոլորովին այլ անձնավորություն է, որին, ամենայն հավանականությամբ, պետք է փնտրել նրա եղբայր Արմեն Սաքապետոյանի շրջապատում, ով, հիշեցնենք, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության աշխատակից է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս