Վարչապետը նաիրիտցիներին խոստացել է՝ մեղավորները կպատժվեն, դատ կլինի (տեսանյութ)
Այսօր առավոտյան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ զարմացած դեմքով հարց ու փորձ էր անում գործարանի վիճակի մասին, նույնիսկ ցուցարարներից հարցրեց, թե «ո՞ւր է «Նաիրիտի» սեփականատերը»: Այնպիսի տպավորություն էր, կարծես վարչապետը հայաստանյան անցուդարձից անտեղյակ է և նոր-նոր է լսում, թե ինչ է կատարվել գործարանի հետ: Բորբոքված ցուցարարներից մեկին, ով խոսում էր «Նաիրիտի» թալանի մասին ու մեղադրում կառավարությանը, Աբրահամյանը հորդորում էր հանդարտվել. «Հանգիստ խոսի, ես լավ լսում եմ»:
Նա վստահեցրեց, թե հակված է հարցը լուծելու, գործարանը պետք է աշխատի և աշխատակիցներն ամեն ամիս աշխատավարձ ստանան:
«Հենց նիստը կավարտվի, 20 հոգով կբարձրանաք վերև»,- հրահանգեց վարչապետը՝ հավելելով, որ ուզում են մեղավորներին պատժել ու հորդորեց մի քիչ համբերել:
Վարչապետի հետ հանդիպումից հետո «Նաիրիտի» արհկոմի նախագահ Հրաչ Թադևոսյանը հայտարարեց, թե «մինչև օգոստոսի վերջ չենք անհանգստացնում կառավարությանը»: Մինչ այդ, ըստ նրա, կառավարությունն ուսումնասիրելու է իրադրությունը, պարզելու է մեղավորներին ու դիմելու է իրավապահ մարմիններին, որպեսզի մեղավորները պատժվեն: Ընդ որում, Թադևոսյանի կարծիքով, գլխավոր մեղավորը ՀՀ կառավարության նախկին ղեկավար Տիգրան Սարգսյանն է:
Նա նշեց, որ օգոստոսի վերջին վարչապետը կրկին 20 հոգի կընդունի, իսկ մինչ այդ՝ հաջորդ շաբաթ, 1 ամսվա աշխատավարձի հարց կլուծվի, այնուհետև կրկին պետք է համբերեն: Նա նշեց, որ քննարկել են նաև գործարանը վերագործարկելու ուղիները: 168.am-ի հարցին, թե արդյոք քննարկվե՞լ է սլովակ ներդրողներին Մոսկվա ուղարկելու հարցը, Թադևոսյանը հայտարարեց, թե սլովակներին առաջարկվել է ներկայացնել ծրագիրը, իսկ Մոսկվայում չեն կարողանում գտնել գործարանի սեփականատիրոջը՝ «Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ» ընկերությանը: Նա չմանրամասնեց, թե էլ ինչո՞ւ են փնտրում օֆշորային այդ ընկերությանը, եթե «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը Միջպետական բանկում են գրավադրված:
Նաիրիտցիները վարչապետի խոստումներից դժգոհ մնացին: Նրանք պահանջում էին անհապաղ վճարել իրանց աշխատավարձը: Մեր դիտարկմանը, եթե մեղավորները կառավարության նախկին անդամներն են, որոնցից մեկը՝ Արմեն Մովսիսյանը, ներկայումս ՀՀ նախագահի խորհրդականն է, Աբրահամյանի հետ հանդիպած նաիրիտցիներից մեկը նշեց, որ հավանական է դատ լինի և մեղավորները պատժվեն:
Մանրամասները՝ տեսանյութերում