Բաժիններ՝

«Ուժեղ երկրաշարժի դեպքում շենքերի մեծ մասը կվնասվի մինչև փլուզում». Գրիգոր Ազիզյան

«Երևանի շենքերի 80%-ը չի համապատասխանում սեյսմիկ նորմերին»,- նման դիտարկում արեց «Հայնախագիծ» ընկերության տնօրեն Գրիգոր Ազիզյանը՝ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով՝ մարդիկ, վերանորոգելով բնակարանները, կարծում են, թե իրենց շենքերը լավ վիճակում են գտնվում.

«Բայց այսօր հստակ կարելի է ասել, որ մինչև 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը կառուցված շենքերը չեն համապատասխանում սեյսմիկ նորմերին: Դա նշանակում է, որ ուժեղ երկրաշարժի դեպքում այդ շենքերի մեծ մասը կվնասվի մինչև փլուզում»:

Ըստ Գրիգոր Ազիզյանի՝ դա միայն բնակչի խնդիրը չէ, դա դառնում է նաև պետության անվտանգության խնդիր, և դա պետք է ազգային անվտանգության ծրագրի մեջ մտնի.

«Կառավարությունը պետք է սեյսմիկ նորմերը փոխելու մասին որոշում ընդունի. չէ՞ որ մենք Սպիտակի երկրաշարժի հետևանքները տեսնում և զգում ենք մինչ օրս և ոչ միայն՝ Գյումրիում, ոչ միայն՝ Վանաձորում, այլև ամբողջ հանրապետությունում. դա տնտեսության զարգացումը հետ գցեց մի քանի անգամ»:

Նրա խոսքով՝ պետք է մեծ ուշադրություն դարձվի շենքերի ուժեղացմանը.

«Դա, իհարկե, փոքր-ինչ մասնագիտական խնդիր է: Հնարավոր է ոչ մեծ ծախսերով, բնականաբար, պետական աջակցությամբ բարձրացնել գոյություն ունեցող շենքերի սեյսմակայունությունը: Ուժեղացման բազմաթիվ նախագծեր կան: Օրինակ, բարձրահարկ շենքերի (6 հարկից բարձր) վերևում կառուցվում է մեկ հարկ՝ առանց բնակիչների տարհանման: Երկրաշարժի ժամանակ այդ շենքը տատանվում է հակառակ շենքի տատանումների և քչացնում սեյսմիկ ուժի ազդեցությունը շենքի վրա: Այդ հարկը ռետինամետաղական բարձիկների վրա է դրվում և որոշակի հարաբերության վրա է գտնվում շենքի հետ: Մեկ այլ մեթոդ է, երբ շենքն է դրվում այդ նույն ռետինամետաղական բարձիկների վրա: Սա շատ ավելի հզոր մեթոդ է, և այս ձևով Հայաստանում մոտ 40 շենք կա արդեն կառուցված»:

Գ. Ազիզյանի խոսքով՝ 1988 թվականից հետո, երբ արդեն գործում են նոր մոտեցումներ, նորմեր, շենքերի 10-15%-ը համապատասխանում են ժամանակակից սեյսմիկ նորմերին, պահանջներին, որակի տեսանկյունից՝ դրանք անհամեմատ լավն են՝ բացառությամբ այն դեպքերի, երբ որոշակի խարդախություններ կարող են արված լինել:

Նրա համոզմամբ՝ Երևանում շենքերը շատ խիտ են կառուցված, բայց աշխարհում ավելի խիտ կառուցված շենքերով քաղաքներ էլ կան.

«Գլոբալ չափանիշներ չկան, թե ինչ հեռավորության վրա պետք է կառուցված լինեն շենքերը, բայց կան որոշակի սահմանումներ: Շենքերը խի՞տ են կառուցված, թե՞ ոչ, շենքի սեյսմակայունության վրա չպետք է ազդի: Եթե շենքը սեյսմակայուն չէ, և եթե հանկարծակի եղավ ուժեղ երկրաշարժ, շենքի փլուզում, այդ դեպքում շենքի մոտենալը, նրա հարվածը մյուս շենքերին անխուսափելի է: Ուրեմն, մենք պետք է այնպես կառուցենք շենքը, որ ուժեղ երկրաշարժի դեպքում վնասվի, բայց չքանդվի»:

Ըստ Գ. Ազիզյանի՝ եթե խոսում ենք ազգի անվտանգության մասին, ապա շենքերը պետք է անցնեն լուրջ փորձաքննություն, որը պետք է նախատեսված լինի պետական ծրագրով, բայց որն առայժմ չկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս