Բաժիններ՝

Հանիբալ Հարությունյան. «Փոքր և միջին ձեռնարկությունների համար ոչինչ չի արվում»

«Շատ խնդիրներ ունեն փոքր և միջին ձեռնարկությունները, օրինակ` տուգանքների, տույժերի հարցը»,- Հայաստանի գործատուների հանրապետական միության այսօր կայացած 3-րդ համագումարում 168.am-ի հետ զրույցում ասաց Ինժեներական ակադեմիայի ակադեմիկոս Հանիբալ Հարությունյանը: «Եթե օրեկան 15% չես վճարում, 0.15% տույժ է գալիս, իսկ դա տարեկան կազմում է 54%: Այսինքն՝ ինչքան քո ապառքն է, դրա 50%-ը տույժ է գալիս: Այս ամեն ինչը պետք է փոխվի, օրենքները պետք է փոխվեն»,-ասաց նա:

Ակադեմիկոսը հիշեցրեց նոր օրենքի մասին, ըստ որի՝ եթե հարկերը չես վճարում, ապա 6 ամիս արգելանք են դնում գույքի վրա՝ առանց որևէ ժամանակացույց կազմելու, այնինչ նախկինում մեկ ամիս արգելանք էին դնում, մեկ ամսվա ընթացքում կազմում էին ժամանակացույց. «Պատկերացնո՞ւմ եք, 6 ամիս գործարարն իրավունք չունենա իր հաշիվներից օգտվել: Ի՞նչ է ստացվում, գործարարը տապալվում է: Այնքան տուգանքներ են ավելանում, որ ինքը չի կարողանում տակից դուրս գալ: Փոքր և միջին ձեռնարկությունների համար ոչինչ չի արվում»:

Ըստ Հ. Հարությունյանի՝ բացի այդ խնդիրներից, գիտության վրա բացարձակ ուշադրություն չի դարձվում. «Օրինակ, մեր ընկերությունը մշակել է ալտերնատիվ էներգիայի աղբյուր, որի շնորհիվ՝ բենզինը, գազը, նավթն այլևս մեզ պետք չեն: Էներգետիկ անկախություն ես ստանում, բայց ոչ մեկն ուշադրություն չի դարձնում»:

Խոսելով էլեկտրաէներգիայի թանկացման մասին՝ Հ. Հարությունյանն ասաց. «Ախր թանկացումը չպետք է լինի: Իր կորուստները շատ մեծ են, թող այն ժամանակ ֆինանսավորեր, կառավարվեր այնպես, որ կորուստները քիչ լինեին, երբ տրանսֆորմատորը 2 տարուց հետո աշխատում է՝ այն չպետք է վերանորոգես, եթե վերանորոգում ես, ուրեմն պետք է ամբողջովին փոխես: Ես չեմ արդարացնում թանկացումը»:


Անի Քեշիշյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս