Փորձագետները՝ էլեկտրաէներգիայի թանկացման և դրա տնտեսական հետևանքների մասին
«Եթե ուզում եք արտահանող երկիր դառնալ և արտահանվող մրցունակ ապրանքներ ունենալ, նշանակում է) դուք պետք է օգտագործեք ձեր հարաբերական առավելությունները: Այդ հարաբերական առավելությունը Հայաստանի հանրապետությունում ենթակառուցվածքների՝ բավականին մատչելի գներն էին: Բայց անցյալ տարվանից սկսած, երբ գազի սակագինը բարձրացավ 17 տոկոսով, էլեկտրականության սակագինը ցերեկային սակագինը դարձավ 28, գիշերայինը՝ 38 դրամ, հիմա էլ թանկանում է ևս 10 տոկոսով, խոսում է նրա մասին, որ հակառակ ճանապարհներով ենք գնում: Տնտեսության զարգացումը և նպատակները չեն հետապնդում սակագնային քաղաքականությանը»,- այսօր «Գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ մենք չենք լսում գործարար շրջանակների արձագանքը, լսում ենք քաղաքացիական շարժումների, հասարակության ներկայացուցիչների դժգոհությունները։ Վահագն Խաչատրյանը կարծում է՝ գործարար շրջանակները իրենք պետք է պահանջեին, որ հիմնավորում տրվի դրան, քանի որ «զգալի խնդիր է առաջանալու մրցունակության հետ կապված. «Մենք (ՀՀ տնտեսությունը) ունենք շատ ռեզերվներ, որ գործարարների վրա էական ազդեցություն չի ունենում: Այդ դեպքում իշխանությունն էլ կմտածի՝ դե որ չի ազդում, ուրեմն էլի տեղ ունենք: Եկեք նորից շարունակենք բարձրացնել»:
Այս դիտարկմանն արձագանքեց ասուլիսի մյուս բանախոսը՝ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, նշելով, որ գործարարները պասիվ են, քանի որ ինքն է ակտիվ: Նա նշեց, որ իրենք անընդհատ բարձրաձայնում են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին: Ըստ Մակարյանի՝ մրցունակության խնդիր կա, և որոշ մարդկանց մոտ տեսակետ կա, որ հնարավոր է՝ «շրջանառության հարկի նվազեցնելը կամ ընտանեկան բիզնեսի համար առանց հարկերի ռեժիմ սահմանելը դա կոմպենսացնում է, բայց դա իրականում այդպես չէ: Գագիկ Մակարյանը համարում է, որ շատ խնդիրներ կապված են հենց էներգետիկայի նախարարության գործելաոճի հետ և Էներգետիկայի նախարարության կանոնադրությունից մի քանի կետեր ընթերցեց, «որպեսզի հիշեցնի, թե իրենց հիմնական նպատակը և առաքելությունը որն է».
«Էներգախնայողության և վերականգնվող էլեկտրաէներգիայի ոլորտի պետական ծրագրերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ»,- կարդաց նա՝ մեկնաբանելով, որ այստեղ էլեկտրախնայողության խնդիր չկա. հակառակը՝ կորուստներով է գնում համակարգը:
«Էներգետիկայի բնագավառի կայուն զարգացման, անվտանգության ապահովման և էներգամատակարարման հուսալիության ռազմավարություն»,- հուսալիություն չկա. վթարները շատ են: Անջատումները շատ են:
«Էներգակիրների արդյունավետ օգտագործման ուղղությամբ պետական ծրագրով իրականացվող աշխատանքների մոնիթորինգ: Էներգախնայողության և էներգաարդյունավետության ստանդարտացման փաստաթղթերի մշակում»,- մեր էլեկտրական էներգիայի որակը բավականին զիջում է միջազգային ստանդարտներին:
«Միջուկային նյութերի ներմուծման կամ արտահանման լիցենզիաների տրամադրման նախապատրաստական աշխատանքները» և հաջորդ կետը՝ ատոմակայանի հետ կապված: Գ. Մակարյանը հարցադրում արեց՝ եթե ատոմակայանը 88 օր ուշացել է, հարց է առաջանում՝ ու՞մ մեղքով է դա եղել: Ռուսակա՞ն կողմի, որ չի մատակարարել վառելիքը, թե՞ էներգետիկայի նախարարության: «Եթե մեղավորը էներգետիկայի նախարարությունն է, ծախսերը թող ինքը փորձի հատուցել: Ինչու՞ ենք մենք ժողովրդից փորձում այդ գումարները տանել»,- ասաց նա:
Ըստ տնտեսագետ-փորձագետ Աշոտ Եղիազարյանի՝ էներգետիկան այնպիսի ունիվերսալ համալիր է, որն առնչվում է տնտեսության մնացած բոլոր ճյուղերի հետ: Եվ փոփոխություններն այս համակարգում ուղղակիորեն ազդում են մյուսների գործունեության վրա: Աշոտ Եղիազարյանը, էլեկտրաէներգիան դիտարկելով որպես շուկայական ապրանք, նշեց մի քանի առանձնահատկություններ. «Օրինակ՝ այն չի կարելի պահեստավորել, շատ բարդ է հաշվել, թե որքա՞ն էլեկտրաէներգիայի կարիք կունենա տնտեսությունը՝ կարճաժամկետ, երկարաժամկետ հեռանկարով, ինչպե՞ս կաճի տնտեսությունը, սպառման ծավալները»:
Ա. Եղիազարյանը փաստեց, որ Հայաստանի էներգետիկ համակարգն այսօր մեկուսացման մեջ է հայտնվել՝ աշխարհաքաղաքական առումով, աշխարհատնտեսական առումով. «Սակագները բարձրացել են, կարծում եմ, ոչ ճիշտ ժամանակին: Քանի որ կարելի է ենթադրել, որ մենք գործ կունենանք ապագայում սակագների բարձրացման հիմնախնդրի հետ: Հայաստանի էներգետիկ համակարգում պետք է կատարվեն ներդրումներ ամբողջ ենթակառուցվածքում»:
Բավական Ափիցարյան