ԲՀԿ-ն միացավ Եվրոպայի պահպանողականների և բարեփոխիչների դաշինքին

«Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հուլիսի 3-ին ԲՀԿ-ն անդամակցել է «Եվրոպայի պահպանողականների և բարեփոխիչների դաշինքին»: Դեռևս նախորդ շաբաթվա վերջին ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը տեղեկացրել էր, որ ԲՀԿ-ն դուրս է եկել Եվրոպայի լիբերալ դեմոկատների խմբակցությունից և անդամակցել է պահպանողականների խմբակցությանը: Մեր այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված եղել իրենց կուսակցության քաղաքական և գաղափարախոսական փոփոխությունը` լիբերալ-դեմոկրատիայից դեպի պահպանողականություն, Ն. Զոհրաբյանը պատասխանեց. «Ոչ մի փոփոխություն էլ տեղի չի ունեցել: ԲՀԿ-ն չի անդամակցել Եվրոպայի լիբերալ դեմոկրատական կուսակցությանը, մենք ընդամենը եղել են այդ կուսակցության ԵԽ ԽՎ խմբակցության կազմում: Իսկ հուլիսի 3-ից անդամակցում ենք «Պահպանողականների և բարեփոխիչների դաշինք» կուսակցությանը»:

ԲՀԿ-ի և ECR (Եվրոպայի պահպանողականների և բարեփոխիչների դաշինք) միջև բանակցությունները սկսվել էին դեռևս նախորդ տարի, երբ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը և նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն այցելել էին Ստրասբուրգ և բանակցել այդ կուսակցությանը միանալու շուրջ: Կարելի է եզրակացնել, որ ԲՀԿ-ի և «Եվրոպայի պահպանողականների և բարեփոխիչների դաշինքի» բանակցությունները հաջողվել են և համաձայնություն է ձեռք բերվել ԲՀԿ-ի՝ այդ կուսակցությանն անդամակցելու վերաբերյալ:

Հայաստանի խորհրդարանում ներկայացված 6 խմբակցություններից ԲՀԿ-ն միակն էր, որ չէր անդամակցում եվրոպական կուսակցություններից որևէ մեկին: 2010թ. փետրվարի 9-ին ԵԺԿ Քաղաքական վեհաժողովը որոշում էր  կայացրել Հայաստանի խորհրդարանի երեք կուսակցությունների՝ ՀՀԿ-ին, ՕԵԿ-ին և «Ժառանգությանը»,  ընդունել ԵԺԿ շարքերը: Այդ ժամանակ ԵԺԿ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել նաև ԲՀԿ-ն, որը, սակայն, մերժվել էր:  ԱԺ-ում խմբակցություն ունեցող ՀՅԴ-ն 1999թ. հանդիսանում է Սոցիալիստական ինտերնացիոնալի լիիրավ անդամ, իսկ այդ կուսակցությունը Եվրոխորհրդարանում ներկայացված է «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ դաշինք» խմբակցության միջոցով: ՀԱԿ խմբակցության մի մասը կազմող ՀԱԿ կուսակցությունը 2010թ. անդամակցում է Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական ռեֆորմիստական կուսակցությանը: Այսպիսով ԲՀԿ-ն ևս իր տեղը գտավ եվրոպական քաղաքական կուսակցությունների ընտանիքում:

Չնայած« դատելով Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումներից, Հայաստանի կուսակցությունները պետք է անդամակցեն ոչ թե եվրոպական, այլ ռուսական կուսակցություններին: Օրինակ, ՀՀԿ-ն կարող է անդամակցել «Եդինայա Ռոսիային», ԲՀԿ-ն՝ «Սպրովեդլիվայա Ռոսիային», իսկ մնացած կուսակցությունները կարող են ընտրություն կատարել Ժիրինովսկու «Լիբերալ դեմոկրատական» և «Կոմունիստական» կուսակցությունների միջև:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս