Ինչո՞ւ է ձգձգվում Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը

Հայաստանի միացումը Մաքսային/Եվրասիական միությանը հերթական անգամ հետաձգվեց: Երեկ` հուլիսի 2-ին, Ղազախստանի արտգործնախարար Եռլան Իդրիսովը հայտարարել է, որ Հայաստանը, ամենայն հավանականությամբ, Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալու մասին համաձայնագիրը կստորագրի հոկտեմբերին: «Փաստաթղթերի ստորագրումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հոկտեմբերին Մոսկվայում` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարների գագաթաժողովին»,- «Ինտերֆաքս-Ղազախստան»-ի հաղորդմամբ` ասել է Իդրիսովը:

Այս հայտարարությունն արվում է այն դեպքում, երբ մինչ այդ` մայիսի 29-ին Աստանայում կայացած գագաթաժողովի ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կողմերին խնդրել էր Հայաստանի միանալու ժամկետ սահմանել ս. թ. հունիսի 15-ը, որից հետո Եվրասիական միության անդամ երկրների ղեկավարները որոշեցին Հայաստանի անդամակցության հետ կապված հարցերը լուծելու համար ժամանակ տալ մինչև ս. թ. հուլիսի 1-ը: Հետևաբար, ինչո՞ւ է կրկին հետաձգվում Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը, ի՞նչ խոչընդոտներ կան այս գործընթացում:

Axasi Enoqyan1Քաղաքագետ, Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանի կարծիքով` ձգձգման պատճառները մի քանիսն են:
168.am-ի հետ զրույցում քաղաքագետը նշեց, որ առաջին պատճառն այն է, որ Հայաստանն այնքան էլ հետաքրքիր չէ Եվրասիական միության համար, ուստի ԵՏՄ անդամները չեն շտապում, և, ի վերջո, միության առաջատար Ռուսաստանի խնդիրը ոչ թե Հայաստանին Եվրասիական միության մեջ ընդգրկելն է, այլ Հայաստանին թույլ չտալը, որ մասնակցի Եվրամիության ինտեգրացիոն գործընթացներին: Իսկ մյուս պատճառն այն է, որ Հայաստանին կախված վիճակում պահելով` Ռուսաստանն ինտենսիվորեն բանակցում է Ադրբեջանի հետ` նրան Եվրասիական միության մեջ ընդգրկելու հարցի շուրջ:

«Այս վիճակը ձեռնտու է Ադրբեջանի հետ բանակցելու համար, որովհետև եթե Հայաստանին ընդգրկեցին, Ադրբեջանի հետ բանակցելու գործիքները կպակասեն: Բայց այստեղ ամենահետաքրքիրն ուրիշ հարց է, որ Հայաստանի փաստաթղթի ստորագրման մասին հայտարարում է Ղազախաստանի արտգործնախարարը: Մեր արտգործնախարարությունը, կարծես թե, տեղյակ չէ կամ էլ չի հայտնում իր կարծիքը: Սակայն փաստն այն է, որ նորից ղեկը գտնվում է ոչ թե Ռուսաստանի, այլ Ղազախաստանի ձեռքում: Դա նշանակում է Հայաստանի անկարևորությունը: Եթե կարևոր լիներ, դրա մասին կարծիք կհայտներ Ռուսաստանը»,- նշեց Աղասի Ենոքյանը:

Կարդացեք նաև

Sergey-Minasyan1Իսկ «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով` գործընթացի ձգձգման գլխավոր պատճառն այն է, որ ԵՏՄ-ի հիմնադիր երեք երկրները` Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը, լուրջ տարաձայնություններ ունեն, և այդ պայմաններում Հայաստանի անդամակցության հարցն օգտագործվում է որպես լծակ, կռվախնձոր` «եռյակի» միջև բանակցություններում:
«Երեք երկրները շատ տարբեր տեսլականներ և պատկերացումներ ունեն, թե ինչպիսի կառույց պետք է դառնա Եվրասիական միությունը, հետևաբար Հայաստանի անդամակցության հարցը այստեղ օգտագործվում է որպես ինչ-որ մի լծակ»,- մեզ հետ զրույցում ասաց Մինասյանը:

Անդրադառնալով այն տեսակետին, որ Հայաստանի անդամակցության հարցը կարող է օգտագործվել Ռուսաստանի կողմից` Ադրբեջանին շահագրգռելու նպատակով, քաղաքագետն ասաց, որ Ռուսաստանը հասկանալի պատճառնարով կցանկանար օգտագործել այդ գործոնը, սակայն այլ հարց է, թե որքանով է դա իրագործելի:
Ըստ Սերգեյ Մինասյանի` Ադրբեջանն այսօր ունի որոշ տնտեսական հնարավորություններ`դիմակայելու ռուսական տնտեսական ճնշումներին:

Ինչ վերաբերում է հարցի քաղաքական կողմին, միակ լծակը` Ղարաբաղի հարցը, Սերգեյ Մինասյանի կարծիքով, կարող է օգտագործվել զուտ հոգեբանական իմաստով` ադրբեջանցիներին վախեցնելու համար, և ոչ ավելին, քանի որ Արցախը պատկանում է արցախցիներին, և հնարավոր չէ այն խլել և տալ երրորդ կողմին:

«Իրականում ռուսները, կոպիտ ասած, վախեցնում են ադրբեջանցիներին այն փաստով, որ «եթե Հայաստանն անդամակցում է առանց ձեզ, ապա նա անդամակցում է Ղարաբաղով», կարևոր չէ` ինչ ձևաչափով: Եթե Հայաստանն անդամակցի մի ձևաչափով` Ղարաբաղի հետ միասին, նշանակում է` Լեռնային Ղարաբաղը փաստացի Հայաստանի քաղաքական և տնտեսական մասն է, եթե անդամակցի առանց Ղարաբաղի, նշանակում է` Հայաստանը փաստացի ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ինքնիշխանությունը: Հասկանալի է,որ երկու զարգացումներն էլ ձեռնտու չեն Ադրբեջանին: Հետևաբար ռուսներն այդ լծակն են փորձում օգտագործել` վախեցնելով ադրբեջանցիներին, բայց ես կոնկրետ այս պահին համոզված չեմ, որ դա այդքան հավանական է»,- ասաց Սերգեյ Մինասյանը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս