Հայաստանին մինչև հոկտեմբեր ժամանակ է տրվել ռուս-ադրբեջանական խաղերին չխանգարելու համար. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ենթադրում էինք, որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության նոր ժամկետ կսահմանվի սեպտեմբերը, այն բանից հետո, երբ անդամակցության պայմանագիրը ուղարկվել է երեք պետությունների ղեկավարների համաձայնեցմանը:

Այդ մասին, որ համաձայնագիրը ուղարկվել է ներպետական համաձայնեցման, հայտարարել էր Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Կանխատեսել էինք, որ դրանից հետո մի երկու ամիս էլ այդ երկրները՝ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը, Հայաստանի անդամակցության պայմանագիրը կուսումնասիրեն, ոտքից գլուխ կզննեն և մի նոր ժամկետ կսահմանեն՝ սեպտեմբերը:

Եվ ահա այսօր տեղեկություն է տարածվել Ղազախստանի արտգործնախարարի թվիթերյան գրառման մասին, որում նա, ի պատասխան Հայաստանի անդամակցության վերաբերյալ հարցի, պատասխանել է, որ հավանաբար անդամակցության պայմանագիրը կստորագրվի հոկտեմբերին Մինսկում:

Այսպիսով, մենք մի փոքր էինք սխալվել, ընդամենը մեկ ամսով՝ հոկտեմբերի փոխարեն ասելով սեպտեմբեր, թեև, իհարկե, կարծիք էինք հայտնել ու հիմա էլ հայտնում ենք, որ դա վերջին հետաձգումը չի լինի: Եվ այսպես, հերթական ժամկետը հայտարարվել է Ղազախստանի արտգործնախարարի շուրթերով, և այդ ժամկետը հոկտեմբերն է: Արդեն թիվ կա աստղերին, թիվ չկա Եվրասիական միությանն անդամակցության Հայաստանի ժամկետների հետաձգմանը: Ի՞նչ է լինելու մինչև հոկտեմբեր:

Մինչև հոկտեմբեր, ամենայն հավանականությամբ, պետք է շարունակվեն ռուս-ադրբեջանական խաղերը, Ղազախստանն էլ պետք է փորձի խաղալ իր մասով: Հայաստանին առնվազն մինչև հոկտեմբեր ժամանակ է տրվել այդ խաղերին չխանգարելու համար:

Ըստ որում՝ հետաքրքրական է, որ Հայաստանի անդամակցության հարցի հետաձգումը մինչև աշուն, ըստ էության, համընկնում է նաև մինչև աշուն Հայաստանի ներքաղաքական զարգացումների հետաձգման հետ: Ի՞նչ է լինելու Հայաստանում հոկտեմբերին, և ի՞նչ կապ կլինի Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության նոր ժամկետի և Հայաստանում ներքաղաքական հոկտեմբերյան սպասումների միջև, հատկապես եթե նկատի առնենք, որ քառյակի գործողությունները կարծեք թե արդեն մի անգամ ներդաշնակվել են Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին, որի արդյունքում Հայաստանում տեղի ունեցավ կառավարության փոփոխություն»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս