Ինչո՞ւ է վրացական էլեկտրաէներգիա ներկրվում ՀՀ. Պարզաբանում է Երևան ՋԷԿ-ի տնօրենը (տեսանյութ)
Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը սենսացիոն հայտարարություն արեց՝ Հայաստանը 16 դրամով էլեկտրաէներգիա է ներկրում Վրաստանից այն դեպքում, որ մինչև վերջերս ինքն էր արտահանում: Նա նշեց, որ ներկրողը Երևանի ՋԷԿ-ն է, որը վրացականն ու իր արտադրած էլեկտրաէներգիան միասին արտահանում է Իրան և 1/3 հարաբերակցությամբ գազ է ներկրում: Ընդ որում՝ Վրաստանից այդքան էժան էներգիայի ներկրման մասին տեղեկությունները, նրա խոսքով, գաղտնի են պահվում:
168.am-ը Երևանի ՋԷԿ-ի գլխավոր տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե այդ ի՞նչ էլեկտրաէներգիա է ներկրում Վրաստանից: «Մենք Վրաստանից ներկրվող էլեկտրաէներգիա 16 դրամով չենք ստանում: Վերջին մի քանի տարում Վրաստանից միայն Երևանի ՋԷԿ-ն է էլեկտրաէներգիա ներկրում, իսկ էնտեղ, էդ պայմանագրում փող չկա: Մենք այն տրանզիտ հաղորդում ենք Իրան և անհրաժեշտության դեպքում համապատասխան քանակի էլեկտրաէներգիա ստանում ենք, կամ փոխանակում ենք գազով: Ինչ ասես, կարելի է հնչեցնել, բայց փող չկա էնտեղ»,- ասաց Հ.Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ Վրաստանն ինքը էլեկտրաէներգիայի դեֆիցիտ ունի, և փորձում է կառուցել շոգեգազային ցիկլով հայկական էներգաբլոկի նման բլոկ:
Մեր հարցին, թե ինչո՞ւ ենք ներկրում արտահանելու համար և ոչ թե սեփական արտադրանքն իրացնում, Հ.Հովհաննիսյանը պատասխանեց, որ բավականին շահավետ պայմաններով է այդ փոխարինումն արվում. «Եթե վրացական կողմին հարկ լինի վճարել, ապա դրա մեջ մենք կունանենանք մոտ 1.5 կվտ/ժամի մաքուր օգուտ, որը հիմա էլ ուղղվում էր գործող սակագները մեղմելուն»: Հովհաննիսյանը նաև նշեց, որ գազի պայմանագերը ամբողջ աշխարհում սովարաբար գաղտնի են լինում և պետք չէ շատ մանրամասնել խնդիրը:
Մանրամասները՝ տեսանյութում