Լևոն Արոնյանն այցելել է արքայական ամրոց
Օրեր առաջ` հունիսի 28-ին, հայկական և միջազգային շախմատի հսկա Լևոն Արոնյանն այցելել է Էրեբունի ամրոցի միջնաբերդ և թանգարան` նպատակ ունենալով բացահայտել մայրաքաղաք Երևանի ծննդավայր Էրեբունին: Աշխարհահռչակ գրոսմայստերին արքայական ամրոցը ներկայացրել է արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը. նրանք բավականին երկար շրջել են միջնաբերդում և Լ. Արոնյանին հետաքրքրել են գրեթե բոլոր պահպանված կառույցները և վերջին տարիներին պեղված մակերեսները: Այս մասին տեղեկացնում են «Էրեբունի» արգելոց-թանգարանից:
Լ. Արոնյանը ծանոթացել է նաև թանգարանի մշտական ցուցադրությանը և իր տպավորություններն է թողել Պատվավոր հյուրերի Գրառումների գրքում: Ընդունելով նույն կեցվածքը, որով նրան սովորաբար տեսնում ենք շախմատի տախտակի առջև, նա գրել է հետևյալը. «Ճանաչելով մեր անցյալը, մեր հայրենիքը` Հայաստանը սիրող յուրաքանչյուր ոք հպարտություն է զգում և վերցնում է իր նախնիների ուժը: Շնորհակալություն, որ ինձ ներկայացրեցիք և մեկնաբանեցիք շատ բաներ Ուրարտուի և Էրեբունիի մասին: Այն ամենը, ինչ դուք փոխանցում եք, անգնահատելի է»:
«Էրեբունի» արգելոց-թանգարանի աշխատակազմը Լ. Արոնյանին ընդունել և ճանապարհել է առանձնակի ջերմությամբ: Լ. Արոնյանը սիրով և իր հմայիչ ժպիտով նաև լուսանկարվել է արգելոց-թանգարանի աշխատակիցների հետ:
Լևոն Արոնյանն Էրեբունի էր այցելել իր պրոդյուսեր Հրանտ Հակոբյանի և մի քանի ընկերների հետ: