Ինչու է ՀԾԿՀ-ն շտապում բարձրացնել հոսանքի գինը
«Վրաստանից ստանում ենք հոսանք, երբ միշտ վաճառել ենք: Վրաստանից ստացվող հոսանքը 16 դրամով ենք գնում: Երբևէ սրա մասին խոսվե՞լ է: Ինչո՞ւ ենք առնում, մենք ինքնաբավ համակարգ ենք, չէ՞: Էս ի՞նչ սենսացիա է»,- այսօր ՀԾԿՀ նիստում էլեկտրաէներգիայի թանկացման հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:
ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը փորձեց պարզաբանել, որ դա սեզոնային ներկրում է. Երևանի ՋԷԿ-ը դա իր էլէներգիայի հետ միասին արտահանում է Իրան և 1/3 հարաբերակցությամբ գազ է ներկրում:
«Տրանզիտ գնում է Իրան»,- նշեց ՀԾԿՀ ներկայացուցիչը:
«Քառյակի 12 կետերից մեկով պահանջ կա, որ մինչ պարզաբանումներ ստանալը խնդրել էինք չքննարկել այս հարցը: Ինչո՞ւ եք շտապում: Բոլոր խորհրդարանական ուժերը, այդ թվում ՀՀԿ-ն, հասարակությունը պարզաբանումների կարիք ունեն, ինչո՞ւ է այս հրատապությունը»,- ասաց Ա. Մանուկյանը՝ նշելով, որ օրինակ Որոտանի համալիրի դեբիտորական պարտքը բացվածքի կարիք ունի:
Գ.Բաղրամյանը նշեց, որ հարցը հրատապ է և օր առաջ լուծում է պահանջում, որովետև համակարգում կան խնդիրներ և այսօր արդեն վճարումների ուշացումներ են առաջանում:
ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հիշեցրեց, անցած տարի թանկացման ժամանակ ինքը կոչ է արել միասին աշխատել, բազաները տրամադրել, հասկանալ իրավիճակը, որպեսզի հետագայում հարցեր չառաջանան, բայց այդպես էլ արձագանք չի եղել, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը խոստացավ, բայց չեկավ. «Հիմա, երբ որ եկել է բարձրացնելու ժամկետը, ինչպիսի ջանքեր էլ գործադրենք, շատ դժվար է որևէ բան պարզաբանել: Հնարավոր չէր կանխարգելել: Դեռևս դեկտեմբերին Բիբինը նամակ գրեց մեզ՝ սակագների վերանայման հարցով»: Նրա խոսքով՝ ՀԾԿՀ գործառույթների մասով այլընտրանքային միջոց եթե ցույց տան, կլսի սիրով: