ՀԷՑ ղեկավար. Իմ աշխատավարձը ոչ մեկին չի վերաբերում
Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը հայտարարեց, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի համար կսահմանվեն հետևյալ սակագները. 1) 35 կՎ և բարձր լարմամբ սնվող սպառողների համար` ցերեկային սակագին` 32.85 դրամ/կՎտժ, գիշերային սակագին` 28.85 դրամ/կՎտժ, 2) 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար` ցերեկային սակագին` 38.85 դրամ/կՎտժ, գիշերային սակագին` 28.85 դրամ/կՎտժ, 3) 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար` ցերեկային սակագին` 41.85 դրամ/կՎտժ, գիշերային սակագին` 31.85 դրամ/կՎտժ:
Սպառողների իրավունքների պաշտպան Աշոտ Սարգսյանի հարցին, թե ինչո՞ւ է ՀՀ-ում էլէներգիայի սակագինը տարածաշրջանում ամենաթանկը, ինչո՞ւ է նոր կառուցված Երևան ՋԷԿ-ը կանգնեցվում վերանորոգման և ինչո՞ւ են ՀԷՑ-ում աշխատավարձերն այդքան բարձր, Գ.Բաղրամյանը հայտարարեց, որ տարածաշրջանի ամենաթանկ սակագինը ՀՀ-ում չէ, օրինակ, երբ ՀՀ-ում 38.5 դրամ է 1կվտ/ժամը, ապա Վրաստանում 39.6 դրամ է, Մոլդովայում՝ 48.75 դրամ, Թուրքիայում՝ 65.13 դրամ.
«Այնքան էլ տենց չի, որ մեր տարածշրջանում ամենաբարձր սակագինն է: Արտադրողի պահանջն է, որ եթե ուզում ենք, որ Երևան ՋԷԿ-ի նոր էներգաբլոկը անխափան շահագործվի 25 տարիների ընթացքում, պետք է 3 անգամ կապիտալ վերանորոգվի և առաջինը այս 2014-15թթ. ընթացքում»:
Ըստ նրա՝ ՀԷՑ-ում աշխատավարձերի խնդիրը ընկերության ներքին խնդիրն է՝ միջինը 200 հազար դրամ:
ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը շեշտեց, որ սակագնում հաշվարկվող աշխատավարձն այսօր ընկերությունում 200 հազար դրամ է, այդ թվում՝ հարկերը:
«Դա խելամիտ աշխատավարձ է և այսօր պետք է բարձրացվի: Իմ աշխատավարձը, որ շրջանառվում է մամուլում, ոչ մեկին չի վերաբերվում»,- կտրուկ տոնով հայտարարեց Բիբինը: