Պառավաքարում երեխա է տուժել. «ՀԺ»
«Տավուշի մարզի Պառավաքար գյուղում հունիսի 28-ին ժամը 19:00-ի սահմաններում հակառակորդի արձակած գնդակից հրազենային վիրավորում է ստացել 12-ամյա Արմեն Բրուտյանը»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.
«Մեր զրույցում Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանն ասաց, որ երեխան վիրավորվել է խաղողի այգում աշխատելիս. ըստ նրա, 12-ամյա Արմենին տեղափոխել են Բերդի զինվորական հոսպիտալ, որտեղ պետք է վիրահատեին: 12-ամյա Արմեն Բրուտյանի հայրն էլ՝ Լեւոն Բրուտյանը, մեր զրույցում ասաց, որ երեխային վիրահատել են, այժմ վիճակը բավարար է:
«Այսօր (երեկ) վիրահատել են, լավ է արդեն: Ես եւ որդիս այգում ենք եղել, երբ հակառակորդը սկսել է կրակոցներ արձակել՝ պայթող փամփուշտներով: Մի բեկորը դիպել է որդուս՝ վիրավորելով ձեռքն ու ոտքը, երկու ժամ, սակայն, կրակահերթի տակ էինք մնացել. կարկուտի պես գալիս էր կրակոցը, չէինք կարում դուրս գալ»,- մանրամասնեց Լեւոն Բրուտյանը:
Ինչպես արդեն նշել էինք, հակառակորդը, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, հունիսի 27-ին գնդակոծել էր Բերդի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերը: Մասնավորապես, կրակոցներից տուժել են Պառավաքարը, Մովսեսը, Ներքին Կարմիրաղբյուրը, Այգեպարը: Բերդի տարածաշրջանում ահագնանում է այն տեսակետը, որ այստեղ էլ ՀՀ զինված ուժերը պետք է գործեն Նախիջեւանի սցենարով:
Երեկ հաստատվեցին տեղեկություններն այն մասին, որ Նախիջեւան-Հայաստան սահմանում վերջին ամսվա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ հայկական կողմը զոհեր տվեց, ՀՀ զինված ուժերը որոշում են կայացրել բարելավել մարտական դիրքերը, իրականացրել են այդ խնդիրը, ինչը, գոնե առայժմ, կայունացրել է վիճակը: Շատերը կարծում են, որ Բերդի տարածաշրջանի Այգեպար – Մովսես- Ներքին Կարմիրաղբյուր – Չինարի հատվածում նույնպես անհրաժեշտ է համանման օպերացիա իրականացնել, ինչի մարտավարական հնարավորություններն առկա են:
Նշենք նաեւ, որ երեկ երեկոյան կրկին կարճատեւ կրակահերթեր են արձակվել Չինարի գյուղի ուղղությամբ: Բարեբախտաբար՝ տուժածներ չկան: Հ.Գ. Երեկ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական զինուժի իրականացրած դիվերսիոն հարձակման հետեւանքով հերոսաբար զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ծննդյան օրն էր. նա կդառնար 20 տարեկան: Արմենը ընտանիքի միակ որդին էր, ուներ երեք քույր:
Երեկ՝ կրտսեր սերժանտի ծննդյանը օրը, նրա տանը բացվել է նրա անունով թանգարան: Լրագրողների հետ զրույցում Արմենի քույրն ասել է, որ թանգարանը հենց իր սենյակն է, որտեղ հավաքել ենք նրա բոլոր իրերը:
Արմենի ծննդյան օրից մեկ շաբաթ անց՝ լրանում էր նաեւ ծառայության ժամկետը: Հիշեցնենք, որ ադրբեջանական դիվերսիոն խումբը հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հարձակվել էր հայկական դիրքերի վրա, սակայն Արմենը նկատել էր դիվերսանտներին, զգուշացրել զինակիցներին եւ դիմադրություն ցույց տվել: Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգեւատրել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի եւ «Արիության համար» մեդալներով»:
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։