
Ամերիկացի սենատորն Իլհամ Ալիևին է հանձնել Ադրբեջանի քաղբանտարկյալների ցուցակը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ ԽՎ-ում ԱՄՆ-ի պատվիրակության ղեկավար, սենատոր Քրիստոֆեր Սմիթը հունիսի 28-ին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և հանդիպման ժամանակ բարձրացրել է Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը:
Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է հենց Սմիթը: Նա հայտարարել է, որ մոտ մեկ ժամ տևած այդ հանդիպման ժամանակ բարձրացրել է քաղբանտարկյալների և մասնավորապես Ընտրությունների մոնիթորինգի ու ժողովրդավարության ուսուցման կենտրոնի ղեկավար Անար Մամեդլիի հարցը:
Սմիթն Ադրբեջանի նախագահին է հանձնել Amnesty İnternational միջազգային իրավապաշտպան կազմակերպության քաղբանտարկյալների ցուցակը. «Կարծում եմ, որ մենք ունեցանք բաց և անկեղծ զրույց»: Amnesty İnternational-ի տվյալներով՝ ներկայումս Ադրբեջանի բանտերում պահվում է 19 «խղճի բանտարկյալ»:
11 ՀԿ-ների կազմած ցուցակի համաձայն, Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը կազմում է 81 մարդ: