Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն 5 տարին մեկ անգամ. Աթալայ
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը դժգոհություն է հայտնել, որ երկրում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում 4 տարին մեկ անգամ: Աթալայն ընդգծել է, որ խորհրդարանական ընտրությունները երկրում պետք է անցկացվեն 5 տարին մեկ անգամ, ինչպես որ նախկինում էր:
Աթալայը բացառել է նախագահական ընտրություններից հետո վաղաժամ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը և միաժամանակ հայտարարել, որ 4 տարին կարճ ժամանակ է՝ վերստին խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար:
2007 թվականի հոկտեմբերի 21-ին Թուրքիայում սահմանադրական ուղղումների վերաբերյալ անցկացված հանրաքվեի արդյունքներով հաստատվել էր, որ այսուհետ պատգամավորների լիազորությունների ժամկետը կազմելու է ոչ թե 5, այլ՝ 4 տարի:
Դա հանգեցրեց նրան, որ 2011 թվականի հունիսի 12-ին Թուրքիայում անցկացվեցին խորհրդարանական վաղաժամ ընտրություններ, իսկ հաջորդ ընտրությունները սպասվում են հաջորդ տարվա հունիսին: Նույն ուղղումներով պատգամավոր ընտրվելու տարիքային շեմը 30-ից նվազեցվեց մինչև 25-ի, իսկ այժմ ցանկանում են նվազեցնել մինչև 18-ի: