
Մասուդ Բարզանին պատրաստ է հանրաքվե անցկացնել Քիրքուքի կարգավիճակի շուրջ

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը պատրաստ է հանրաքվե անցկացնել Քիրքուք քաղաքի կարգավիճակի շուրջ: Այս մասին հայտարարել է ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին:
Նրա խոսքերով՝ ներկա դրությամբ Քիրքուքի կարգավիճակը վիճելի է, և իրաքյան օրենսդրության համաձայն, քաղաքի կարգավիճակի մասին հանրաքվեն պետք է անցկացվեր 2007 թվականին (Քիրքուքը վիճելի տարածք է քրդական ինքնավարության ու Իրաքի կենտրոնական կառավարության միջև), սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ քաղաքական դրդապատճառներով:
Բարզանին ընդգծել է, որ հենց Իրաքի կենտրոնական կառավարության վարած քաղաքականության պատճառով է, որ Իրաքում աճել են անջատողականությունն ու բռնությունները և երկրի վարչապետ Նուրի ալ-Մալիքին պետք է փոխի իր քաղաքականությունը սունների, քրդերի, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների նկատմամբ:
Սրանից առաջ էլ Մասուդ Բարզանին հայտարարել էր, որ իրենք պատրաստ են ամեն ինչի՝ «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման զինյալներից Քիրքուքը պաշտպանելու համար: