Բաժիններ՝

«Եվրամայդանը» մարտահրավեր է նետել Պորոշենկոյին

Vesti.ua-ի փոխանցմամբ` «Եվրամայդանը» մարտահրավեր է նետել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին: «Եվրամայդանի» ակտիվիստները Կիևում անցկացված հավաքի ժամանակ հայտարարել են, որ Պորոշենկոն կարող է կրկնել իր նախորդի` Վիկտոր Յանուկովիչի ճակատագիրը:

Դա տեղի կունենա այն դեպքում, եթե նախագահ Պորոշենկոն չկատարի «Եվրամայդանի» պահանջները: Ակտիվիստները մասնավորապես պահանջում են երկրի արևելքում հրադադարի դադարեցում, Դոնբասում ռազմական դրության ներդրում, վաղաժամ ընտրություններ, ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու անհապաղ վավերացում:

Ակտիվիստները նաև պահանջել են, որ երկրի արևելքի հետ բանակցություններից հեռացվի «Ուկրաինական ընտրություն» հասարակական կազմակերպության ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկը: Իրենց պահանջների կատարմանը հասնելու համար «Եվրամայդանի» ակտիվիստները մտադիր են ամենօրյա պիկետներ անցկացնել Գերագույն ռադայի շենքի մոտ:

«Եվրամայդանի» ակտիվիստներից բացի, այսօրվա հավաքին մասնակցել են նաև «Դնեպր» և «Այդար» գումարտակների անդամները, որոնք հունիսի 28-ի առավոտյան բողոքի ակցիա էին կազմակերպել նախագահական նստավայրի մոտ:

Իր ելույթում «Այդարի» հրամանատար Սեմյոն Սեմյոնչենկոն հայտարարել է, որ հակաահաբեկչական գործողության, բանակի և հատկապես սահմանապահ զորքերի ղեկավարությունում կան մեծ թվով դավաճաններ:

Նա հայտարարել է, որ Եվրոպան իրենց չի օգնի, և որ իրենք պետք է իրենց իսկ ձեռքերով կանգնեցնեն ներկայիս ներխուժումը: Գումարտակի հրամանատարը նաև հայտարարել է, որ ներկայիս հավաքը կարող է լինել վերջին խաղաղ հավաքը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Դոնբասում նախ հրադադար էր հայտարարել հունիսի 20-27-ին, ապա այն երկարաձգել էր ևս 3 օրով` մինչև հունիսի 30-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս