
Պուտինն Ուկրաինայի հարցն ավելի քան 2 ժամ քննարկել է Օլանդի, Մերկելի ու Պորոշենկոյի հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր տևական հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ:
Այդ հեռախոսազրույցների ժամանակ քննարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակը: Ելիսեյան պալատի հաղորդմամբ` օրվա առաջին կեսին Ֆրանսիայի, Գերմանիայի, Ուկրաինայի ու Ռուսաստանի առաջնորդներն ավելի քան երկու ժամ քննարկել են Ուկրաինայի հարցը:
Ֆրանսիայի ու Գերմանիայի առաջնորդները մասնավորապես ուշադրություն են հրավիրել անվտանգության տեսանկյունից Ուկրաինայում իրավիճակի կայունացման նպատակով հետագա քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության վրա:
Օլանդն ու Մերկելն Ուկրաինայի ու Ռուսաստանի նախագահներին կոչ են արել աշխատել հրադադարի վերահսկման ու սահմանի արդյունավետ վերահսկողության մեխանիզմի ներդրման, նախագահ Պորոշենկոյի խաղաղության պլանի իրագործման, պատանդների հետագա ազատ արձակման ուղղությամբ:
Կրեմլում հայտարարել են, որ Պուտինն Օլանդի, Մերկելի ու Պորոշենկոյի հետ զրույցներում շեշտադրում է կատարել Ուկրաինայի հարավ-արևելքի բնակչությանն անհապաղ հումանիտար օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության վրա: