Մարզիչները հնարավորություն կունենան խաղի ընթացքում 4 անգամ պահանջել վիդեո կրկնություն. ՖԻՖԱ
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատտերը հայտարարել է, որ իրենց կազմակերպությունը մտադիր է քննարկել վիճելի դրվագները վիդեո կրկնության միջոցով դիտարկելու հնարավորությունը։ Յուրաքանչյուր թիմի մարզիչ իրավունք կունենա 1 խաղի ընթացքում 4 անգամ խնդրել ցուցադրել կրկնությունը, սակայն դա կլինի միայն խաղային դադարների ժամանակ։ Թե կոնկրետ երբ կյանքի կկոչվի այդ նորամուծությունը, ՖԻՖԱ-ի նախագահը չի նշել։
«Իհարկե, խոսքը խաղից դուրս վիճակներին չի վերաբերվում, քանի որ դրանք հնարավոր չի լինի վերախաղարկել։ Սակայն տուգանային հարվածների և 11-մետրանորցների դեպքում մարզիչը կկարողանա դատավորի հետ միասին մոտենալ մոնիտորին և դիտել ձայնագրությունը», — ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին ասել է Բլատտերը։
Նշենք, որ Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում առաջին անգամ կիրառվել է գոլը որոշելու էլեկտրոնային տեխնոլոգիան։ Հատուկ ծրագիրն իրական ժամանակում թույլ է տալիս տեսնել՝ գնդակը հատե՞լ է դարպասի գիծը, թե՞ ոչ։ Նման տեխնոլոգիա 2013 թվականից գործում է Անգլիայի առաջնությունում, որտեղ գոլից հետո համակարգը հատուկ ազդանշան է արձակում։
Վիդեո կրկնությունների ներդրման օգտին արտահայտվում են մեծ թվով մասնագետներ, ովքեր կարծում են, որ ներկայիս դատավորները առանց ժամանակակից տեխնոլոգիաների օգնության չեն կարողանում գրագետ դատել խաղերը։ Այս տեսակետի հակառակորդների կարծիքով՝ նման տեխնոլոգիաների կիրառումը կդանդաղեցնի խաղի ընթացքը և կթուլացնի հետաքրքրությունը։