
Ժամանակի հետ մեկտեղ ԵՄ-ին միանալու ցանկություն կհայտնեն նաև Հայաստանը, Բելառուսն ու Ադրբեջանը. Սաակաշվիլի

Le Temps թերթին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վստահություն է հայտնել, որ ինչ-որ ժամանակ անց ԵՄ-ին միանալու ցանկություն կհայտնեն նաև Հայաստանը, Բելառուսն ու Ադրբեջանը:
Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինան ներկա դրությամբ հայտնվել է այն իրավիճակում, որը ժամանակին վերապրել է Վրաստանը` դառնալով ռուսական ագրեսիայի զոհ. «Վրաստանում այժմ անգամ իշխանության եկած ընդդիմությունը միացել է իմ եվրոպամետ կուրսին: Ուկրաինայում այդ գաղափարը հանրաճանաչ է դառնում անգամ ռուսալեզու արևելքում: Պարադիգմն ամբողջովին փոփոխվել է:
ԵՄ-ին ինտեգրվելու գործընմթացը կլինի տևական ու բարդ: ԵՄ-ը պետք է բարեփոխումներ իրականացնի, որպեսզի ընդունի նոր հնարավոր անդամների: Դժբախատաբար, ես չեմ հիշում, որ Ժոզե Մանուել Բառոզուի հնարավոր իրավահաջորդ Ժան Կլոդ Յունկերը հետաքրքրություն ցուցաբերի Արևելյան Եվրոպայի երկրների նկատմամբ:
Միջնաժամկետ հեռանկարում Հայաստանը, Բելառուսը և Ադրբեջանը պետք է քայլեր ձեռնարկեն ԵՄ-ի հետ գործընկերության ճանապարհին: Ժամանակի հետ մեկտեղ նրանք բոլորն էլ կմիանան ԵՄ-ին: Վլադիմիր Պուտինը կպայքարի մինչև վերջ` թուլացնելու համար Ուկրաինան և խանգարելու համար ԵՄ-ի հետ նրա մերձեցմանը: Նա վախենում է, որ Ուկրաինան կդառնա կայուն ու բարգավաճող երկիր»: