
ԱՄՆ-ը շնորհավորել է Ասոցացման համաձայնագրեր ստորագրած Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային

Грузия Online-ի փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ հայտարարել է, որ ԱՄՆ-ը շնորհավորում է Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային` կապված ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրեր ստորագրելու հետ:
Քերին ընդգծել է, որ ստորագրված համաձայնագրերը հանդիսանում են կարևոր քայլ` ԵՄ-ի հետ «Արևելյան գործընկերության» ծրագրի մասնակից այդ երկրների առավել սերտ համագործակցության համար.
«Ստորագրված համաձայնագրերը ԵՄ-ի արևելյան հարևաններին պարզապես չի կապում միասնական շուկայի հետ, այն նաև նոր հնարավորություններ է բացում առևտրի ու համագործակցության համար:
Ուկրաինան, Մոլդովան ու Վրաստանն այսօր հայտարարեցին, որ պատրաստ են տնտեսական ու իրավական կարևոր բարեփոխումների, որոնք նրանց կդարձնեն ավելի ուժեղ և ավելի ժողովրդավարական:
ԱՄՆ-ը հետագայում նույնպես աջակցելու է երեք երկրների կառավարություններին` առանցքային բարեփոխումներ իրականացնելու համար, որոնց նպատակն ավելի բարգավաճ, կայուն ու ժողովրդավարական հասարակություն կառուցելն է»:
Քերին ընդգծել է, որ Վաշինգտոնն աջակցում է Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի տարածքային ամբողջականությանը: