ԱՄՆ-ը չի առարկում Ռուսաստանի կողմից Իրաքին զենք մատակարարելուն. Պետդեպարտամենտ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմը չի առարկում Իրաքի կառավարությանը ռուսական զենքի մատակարարումներին:
Հարֆն այդ կերպ է մեկնաբանել այն տեղեկատվությունը, թե Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին հայտարարել էր, որ Մոսկվան առաջիկա օրերին մարտական ինքնաթիռներ կմատակարարի Բաղդադին.
«Մենք արդեն իսկ հայտարարել ենք, որ չենք առարկում Իրաքի կառավարության օրինական ջանքերին, որոնք ուղղված են ռազմական ոլորտի հրատապ կարիքների բավարարմանը: Մենք արագացնում ենք սեփական օգնությունը և հասկանում ենք, որ Իրաքը ռազմական սարքավորում է գնում մի շարք երկրներից` ներառյալ Ռուսաստանը»:
Հարֆը, սակայն, չի համաձայնվել այն պնդման հետ, որ Ռուսաստանն Իրաքին զենք մատակարարելու պլանում զբաղեցնում է ԱՄՆ-ի տեղը. «Չեմ կարծում, թե նրանք ձգտում են դրան: Շատ երկրներ են փորձում օգնել Իրաքին»:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է, որ Մոսկվան հուսով է, թե Իրաքի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը կօգնի այդ երկրի ինքնիշխանությունն ու պաշտպանունակությունն ամրապնդելուն: