
Ուկրաինան ցանկանում է գնել ադրբեջանական գազ. աղբյուր

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան չի կորցնում այլընտրանքային աղբյուրներից բնական գազ ստանալու հույսը, ինչը մասնավորապես վերաբերում է Կասպյան ավազանի գազին: Այս մասին հայտարարել է «Ուկրտրանսգազի» ներկայացուցիչը:
Նրա խոսքերով՝ Ուկրաինան մասնավորապես պլանավորում է «Անդրանատոլիական» գազատարով (TANAP) ապա «Անդրադրիատիկ» գազատարով (TAP) ստանալ ադրբեջանական գազ: Նա, սակայն, չի մանրամասնել, թե Ուկրաինան ինչպես է պլանավորում այդ խողովակաշարերի գազը հասցնել իր մոտ:
Մինչ այս Կիևի ներկայացուցիչները քանիցս հայտարարել են, որ կան տարբեր եղանակներ՝ ադրբեջանական գազն Ուկրաինա հասցնելու համար: Դրանցից մեկն այսպես կոչված swap մատակարարումներն են, երբ ադրբեջանական գազը կմատակարարվի Իտալիա, իսկ եվրոպական ընկերությունները համապատասխան ծավալի գազ ռևերսային (դարձափոխիչ) ճանապարհով կմատակարարեն Ուկրաինային: