Տերյան 23-25-ի բնակիչները վաղը վերջնագիր կներկայացնեն
Վաղը, ժամը 13:00-ին Տերյան 23-25-ի բնակիչները բողոքի ակցիա կիրականացնեն իրենց շենքերի մոտ: «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ, Տերյան 23-ի բնակիչ Վարդան Գերավետյանը 168.am-ին հայտնեց, որ ակցիայի ժամանակ հրապարակելու է հայտարարություն-նամակ՝ ուղղված քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
«Դա կլինի մեր վերջնագիրը: Այսպես ապրել չի լինի, արդեն 7 տարի պաշարման մեջ ենք»,- ասաց Գերավետյանը:
Նա հայտնեց, որ կառուցապատողը նամակներ է հղել բնակիչներին՝ պահանջելով ազատել տարածքը, տեղափոխվել նրանց հատկացվող նոր շենքը, որը, ըստ Գերավետյանի, նորմալ բակ, կանաչապատ տարածք էլ չունի: Ընդ որում՝ Տերյան 23-ում 1 քմ-ը գնահատել են 900 դոլար:
«Մենք իրենց ո´չ փողն ենք ուզում, ո´չ շենքը»,- հայտարարեց Գերավետյանը:
Հիշեցնենք, որ անցած տարի օգոստոսին ՀՀ կառավարությունը երրորդ անգամ հօգուտ Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփըրզի» բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչեց Տերյան 25-ի տարածքը: Ըստ կառավարության որոշման՝ ընկերությունը նշված տարածքների ձեռքբերողն է և կատարել է օտարման գործընթացներ, իսկ այս որոշման նպատակը «նշված աշխատանքի շարունակումն է և քաղաքաշինական ծրագրի իրականացումը, ինչի շնորհիվ կստեղծվի ներդաշնակ կառուցապատում Հյուսիսային պողոտայի հետ»: