ՀՀ ԱԺ-ի և ԼՂՀ ԱԺ-ի միջխորհրդարանական հանձնաժողովի հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովը,
Ընդգծելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և կազմավորման գործընթացի լիովին և անթերի համապատասխանությունը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ու նորմերին և այն ժամանակ դեռևս գործող ԽՍՀՄ օրենսդրությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության՝ որպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավոր լինելու իրողությունը:

Արձանագրելով, որ` ի պատասխան Արցախի ժողովրդի ազատ կամաարտահայտության, Ադրբեջանը որդեգրեց էթնիկ զտումների և ուժային մեթոդներով հարցի լուծման քաղաքականություն, որը շարունակվում է ցայսօր,
Համոզված լինելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը կապահովի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի անշրջելիությունը և Ադրբեջանի համար կհանդիսանա ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության ազդանշան,

Հաշվի առնելով, որ 1994 թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված հրադադարի մասին համաձայնությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում խիստ կարևոր ձեռքբերում է, որը հնարավոր դարձավ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջև ուղղակի բանակցությունների շնորհիվ,

Վերահաստատելով հավատարմությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հակամարտության վերջնական կարգավորման գրավական հանդիսացող հրադադարի ռեժիմի ամրապնդման անհրաժեշտության և խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովման կարևորության մասին:
ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանագծից դիպուկահարների հետ քաշման, միջադեպերի հետաքննության, և ժողովուրդների միջև ատելություն սերմանող հայտարարությունների ու գործողությունների բացառման ուղղությամբ,
ՀԱՄՈԶՄՈՒՆՔ Է հայտնում, որ հայ ժողովուրդը` Հայաստանում, Արցախում և ի սփյուռս աշխարհի, ինչպես և նախկինում, կգործադրի իր ողջ ներուժը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի` ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերով երաշխավորված ինքնորոշման իրավունքն ու անվտանգությունն ապահովելու համար:
ԴԻՄՈՒՄ Է Մինսկի խմբի համանախագահներին ձեռնարկելու անհրաժեշտ քայլեր` ուղղված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիարժեք մասնակցության ապահովմանը բանակցային գործընթացի բոլոր փուլերին:

Տեսանյութեր

Լրահոս