ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է ռազմատեխնիկական համագործակցության մասին Հայաստանի հետ պայմանագիրը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնային խորհուրդը երեկ վավերացրել է ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին Ռուսաստանի ու Հայաստանի միջև ստորագրված պայմանագիրը: Փաստաթուղթը ստորագրվել է 2013 թվականի հունիսի 25-ին, Երևանում:
Այն հստակեցնում է ռազմական նշանակության արտադրանքի փոխադարձ մատակարարումների իրականացման կարգը՝ նպատակ հետապնդելով դրանցով հագեցնել Հայաստանի ու Ռուսաստանի ազգային զինված ուժերը, զորամիավորումները, իրավապահ մարմիններն ու հատուկ ծառայությունները:
Պայմանագրի համաձայն, ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումներն իրականացվելու են կողմերի լիազոր կազմակերպությունների կնքած պայմանագրերի հիման վրա՝ առանց մուտքի ու ելքի լիցենզիայի տրամադրման:
Նախատեսվում է, որ համապատասխան մեխանիզմի վավերացումից հետո պայմանագրի իրագործումը սահմանված կարգով հստակեցվելու է Ռուսաստանի նախագահի կողմից: