Ինչ թմրամիջոցներ են նախընտրում Հայաստանում
2014թ. հունվարի 1-ի դրությամբ, ՀՀ առողջապահության նախարարութան տվյալներով՝ Հայաստանում 5022 հաշվառված թմրամոլ կա, նրանցից 57-ը երևանաբնակ կանայք են:
Այս մասին այսօր լրագրողերի հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ, նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը: Համեմատելով 2013թ. հունվարի 1-ի տվյալների հետ՝ Պ. Սեմերջյանն ասաց, որ այդ ժամանակ հաշվառված է եղել 4428 թմրամոլ, 10 տարի առաջ նրանց թիվը եղել է 183: Նրա խոսքով՝ նրկայացված թվերը չեն նշանակում, թե նախկինում թմրամոլներ չեն եղել, պարզապես առոջպահության նախարարություն դիմածների թիվը սկսել է ավելանալ երկու պատճառով՝ բարձրացել է մատուցվող բժշկական օգնության և ծառայություններիորակը թմրամիջոցների միայն օգտագործումը ապաքրեականացվել է, իհարկե նաև ավելացել է թմրամիջոց օգտագործողների թիվը:
Պետրոս Սեմերջյանն ասաց, որ միջազգային և հայաստանյան փորձագետների կողմից 2011թ. անցկացված հետազոտության համաձայն՝ Հայաստանում 30 հազար թմրամոլ կա, որոնցից 12 700-ը թմրամիջոց օգտագործում են ներերակային ճանապարհով:
Պետրոս Սեմերջյանն ասաց, որ բուժում ստանալուց հետո հաշվառված թմրամոլների 80 տոկոսը կրկին թմրամիջոց է օգտագործում: Միևնույն ժամանակ ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգը նշում է, որ հաշվառված հիվանդների 0.5 տոկոսն է հարկադիր բուժում ստանում, մյուսները բուժման գալիս եմ կամավոր:
Պ. Սեմերջյանը հայտնեց, որ ԱՆ կողմից հաշվառված հիվանդների շրջանում անչափահասներ չկան, բուժվող պաշտոնյաներ չեն եղել: Պ. Սեմերջյանն ասաց, որ մարդիկ թմրամիջոց օգտագործել են դեռ մեր թվարկությունից առաջ, դեռ այն ժամանակվանից մարդիկ թմրամիջոց օգտագործել և օգտագործում են հաճույք ստանալու ակնկալիքով, շատ արագ հուսախաբվում են, բայց ընկնում են հիվանդագին կախվածության մեջ: Հիմնականում թմրամիջոց օգտագործում են 30-45 տարեկան անձինք:
168.am-ի հարցին ի պատասխան Պետրոս Սեմերջյանն ասաց, որ Հայաստանում առավել շատ օգտագործում են կանեփ բույսից պատրաստված և ափիոնատիպ թմրամիջոցներ, երրորդ և չորրորդ տեղերում համապատասխանաբար ամֆետամին և կոկային թմրամիջոցներն են: «Երրորդն ու չորրորդը միասին մի փոքր տոկոս են կազմում, հիմնականը կանեփից պատրաստված թմրամիջոցներն են, ափիոնատիպ թմրամիջոցները»,- ասաց նա: