Վլադիմիր Գասպարյանը երկու անգամ հրաժարականի դիմում է ներկայացրել, վարչապետ-ոստիկանապետ հարաբերությունները կարող են է՛լ ավելի լարվել . «ՀԺ»
«Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, մեղմ ասած, երջանիկ օրեր չէր ապրում»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.
«Ապրիլի 13-ից հետո ոստիկանապետը մի քանի օր կարծես թե ընդհատակ էր անցել: Իսկ արդեն ապրիլի 16-ին` ՀՀ ոստիկանության օրը, որի առթիվ կազմակերպված միջոցառմանը ներկա էր նաեւ Հովիկ Աբրահամյանը, ականատես եղանք Աբրահամյան-Գասպարյան փոխադարձ խայթոցների:
Երբ արհեստական լայն ժպիտը դեմքին Վլադիմիր Գասպարյանն ասաց. «Պարոն վարչապետ, ոստիկանությունը շնորհավորում է ձեզ` ձեր նշանակման կապակցությամբ», Աբրահամյանը նույնպիսի մի ժպիտ դեմքին արձագանքեց. «Լավ է ուշ, քան երբեք»: «Ո՜ւշ լինի, նո՜ւշ լինի»,- պատասխանեց Գասպարյանը: Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ դառնալուց հետո Վլադիմիր Գասպարյանի համար սկսված վայրիվերումներով լի շրջանը, սակայն, գոնե այս փուլում կարծես թե ավարտվել է: «ՀԺ»-ի իշխանական աղբյուրները հայտնում են, որ Վլադիմիր Գասպարյանն անցած երկու ամիսների ընթացքում երկու անգամ հրաժարականի դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանին:
Առաջին դիմումը ներկայացվել է ոստիկանության օրվա հաջորդ իսկ օրը, իսկ երկրորդ դիմումը` այն օրերին, երբ խնդիրներ էին առաջացել Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի հետ:
Հիշեցնենք, տեղեկություններ կային, որ Հակոբյանը, ում անունը նախկինում հոլովվում էր մի շարք աղմկոտ պատմություններում, ըստ որոշ տեղեկությունների, նույնիսկ հայտնվել էր Ազգային անվտանգության ծառայությունում` մի քանի քրեական գործերի շրջանակում: Միաժամանակ, նույն այդ օրերին իշխանական շրջանակներում տեղեկություններ կային, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը փորձում է հասնել Վլադիմիր Գասպարյանի պաշտոնանկությանը:
Իրականում, Սերժ Սարգսյանը չի ստորագրել Գասպարյանի հրաժարականի դիմումները, եւ դատելով քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ վերջին օրերին ոստիկանության ներկայացուցիչների դրսեւորած վարքից, դա բավական ոգեւորել է Վլադիմիր Գասպարյանին: Իրականում, սակայն, վարչապետ-ոստիկանապետ հարաբերությունները խիստ լարված են մնում եւ ամեն պահի կարող են է՛լ ավելի լարվել»:
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։