Ինչ սակագներ են սահմանվելու էլեկտրաէներգիայի համար (ցանկ)
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 1-ին կքննարկի էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների հարցը: Ըստ ՀԾԿՀ որոշման նախագծի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի համար կսահմանվեն հետևյալ սակագները.
1) 35 կՎ և բարձր լարմամբ սնվող սպառողների համար`
ա. ցերեկային սակագին` 32.85 դրամ/կՎտժ,
բ. գիշերային սակագին` 28.85 դրամ/կՎտժ,
2) 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար`
ա. ցերեկային սակագին` 38.85 դրամ/կՎտժ,
բ. գիշերային սակագին` 28.85 դրամ/կՎտժ,
3) 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար`
ա. ցերեկային սակագին` 41.85 դրամ/կՎտժ,
բ. գիշերային սակագին` 31.85 դրամ/կՎտժ:
ՀՇԿՀ-ն կքննարկի նաև արտադրող կայանների էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցը: Որոշումն ուժի մեջ է մտնելու 2014 թվականի օգոստոսի 1-ից:
Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի թանկացման համար հիմք են հանդիսացել ՀՇԿԿՀ հաշվարկները, որոնցով համակարգում 17.9 մլրդ դրամի պակասուրդ է հայտնաբերվել: Վերջերս ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման շուրջ լսումների ժամանակ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների անդամներին չկարողացավ համոզել, որ պակասուրդի խնդիրը բնակչության ուսերին «բարդելը» արդարացի որոշում է: Լսումների արդյունքում որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ՝ պակասուրդի առաջացման հարցերն առավել մանրամասն ուսումնասիրելու համար: